ՀՀ վարչապետն այցելել է հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայողին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Վարչապետը տեսակցել է մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, հաղորդու է վարչապետի մամուլի ծառայությունը։
Մայիսի 13-ին ժամը 22:35-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և վիրահատվել։ Նրա վիճակը գնահատվում էր ծանր։

Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողի առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:
Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ, առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է հոսպիտալի հագեցվածության և առկա ենթակառուցվածքների մակարդակին:–0–

