ՀՀ վարչապետ. աշխատանքային օրենսգիրքը պետք է համահունչ լինի ժամանակակից մոտեցումներին.
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նախագիծը մշակվել է կառավարության ղեկավարի՝ ապրիլի 27-ի հանձնարարականի հիման վրա:
Զեկուցվել է, որ նախագիծը ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին, վերջիններիս կողմից ստացվել են տարբեր առաջարկություններ ու դիտողություններ:
Դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարություն և Ազգային ժողով:
Խորհրդակցության ընթացքում նախագծի առանձին կետերի հետ կապված քննարկում է ծավալվել:
Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նախագիծը լրացուցիչ քննարկել փորձագիտական շրջանակների, միջազգային կառույցների հետ:
«Այն իր կարգավորումներով պետք է համահունչ լինի կառավարության որդեգրած ծրագրին ու ժամանակակից մոտեցումներին: Աշխատանքային օրենսրգիրքը կարևոր փաստաթուղթ է, որը գործատու-աշխատող հարաբերություններում պետք է ճիշտ հիմք դնի»,- ասել է Կարեն Կարապետյանը:–0–