ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետին զեկուցվել են պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքն ու 2018 թվականի առաջին չորս ամիսների ցուցանիշները:
«Նիկոլ Փաշինյանն այս փուլի հրատապ խնդիրներից մեկը համարել է պետբյուջեի եկամուտների և ծախսերի պատշաճ կատարումը և պատասխանատուներին խնդրել մինչ կառավարության նոր կազմի ձևավորումը շարունակել ջանքերն այդ ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ նախագահը երեքշաբթի հրամանագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հատուկ նիստում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ` 42։–0–