ՀՀ նախագահը շնորհավորեց հայրենակիցներին Հայոց բանակի օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղեց Հայոց բանակի օրվա կապակցությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար է, ինչ մենք ազատ ու անկախ պետականություն ունենք: Այս ողջ ժամանակահատվածում ոչ մի րոպե չենք կասկածել, որ մեր երկրի 25-ամյա ուղին անհնարին էր լինելու առանց այն բանակի, որ մենք ենք ստեղծել»,– ասաց նախագահը պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո։
Նա ընդգծեց, որ Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում:
«Դա ժամանակի և տարածաշրջանի պարտադրանքն էր: Մենք շատ լավ գիտեինք, թե ով ենք մենք և որտեղ ենք ապրում: Մենք հայ ենք և, լինելով Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի հնագույն ազգերից մեկը, ունենք հազարամյակների փորձառություն: Այն ողբերգական իրադարձությունները, որ տեղի են ունենում այսօր Մերձավոր Արևելքում և ընդհանուր առմամբ մեզ շատ մոտ տարածքներում, ցավալիորեն ծանոթ են մեզ և կրկնվել են պարբերաբար: Մենք եղել ենք ականատեսը, ժամանակակիցն ու տարեգիրը նման իրադարձությունների: Մեր աչքի առջև են դրանք կատարվել վերջին դարերի և առնվազն երկու հազարամյակների ընթացքում: 25 տարի առաջ, երբ մենք ստանձնում էինք սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը, գիտակցում էինք, որ դա գրեթե հավասարազոր է մարտադաշտ մտնելուն»,– ավելացրեց Սարգյանը։
Սարգսյանի խոսքով, հայ ժողովուրդն այդ մարտի մեջ մտավ հանուն մարդու և ժողովրդի իրավունքների, հանուն ազատության: «Մենք արդեն տեսել էինք Բաքվի հայկական եկեղեցուց բարձրացող ծուխը, որ վերջին և ամենահամոզիչ ազդանշանն էր բոլոր կասկածողների համար: Ավելի ուշ՝ արդեն մեր օրերում հրկիզված ու պայթեցված կրոնական օջախներից բարձրացող ծուխը պիտի տեսներ ողջ աշխարհը և զարմանքի ու վրդովմունքի սարսուռ ապրեր»,– ասվում է նախագահի ուղերձում։
Դիմելով հայ զինվորներին, երկրի պաշտպաններին ու սպաներին` Սարգսյանն ասաց, որ այս տոնը համապետական է և համաժողովրդական, բայց առաջին հերթին դա նրանց տոնն է:
«Մենք վստահում ենք ձեր նվիրվածությանը, ձեր մասնագիտական կարողություններին, ձեր բարձր մարտական ոգուն: Մաղթում ենք, որ այսուհետ սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր: Ձեզ և մեր ողջ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն հանուն մեր երկրի ազատության, հանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամեն մի առաջընթացի»,– ասաց Սարգսյանը։
Շնորհավորելով զինծառայողներին Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ` երկրի նախագահն ասաց, որ նրանց ու նրանց ծառայակիցների շնորհիվ է, որ Հայաստանի զինված ուժերը իրականացնում են իրենց առաքելությունը, լուծում իրենց առջև դրված խնդիրները, և ընդգծեց, որ նրանք դա իրականացնում եք պատվով ու մասնագիտական բարձր մակարդակով:
«Դուք արժանավոր հետնորդներն եք նրանց, ովքեր Արցախյան հերոսամարտի կրակների մեջ հիմքերն էին դնում մեր ապագա բանակի: Նրանցից շատերն ընկան՝ մեզ պարգևելով կյանք ու ազատություն: Այսօր՝ այս նվիրական օրը, մենք գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջև: Դուք այն արժանավորներն եք, ովքեր հավատարիմ են նահատակների պատգամներին և նրանց կտակած արժեքներին»,– հավելեց նախագահը։ -0-