437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահն իր նստավայրում ընդունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին

18:17
24 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ իր նստավայրում ընդունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին։

Պոնտիֆիկոսը ժամանել է Հայաստան եռօրյա առաքելական այցով։

Ներկայացնում ենք ՀՀ նախագահի խոսքն ամբողջությամբ։

«Ձե՛րդ Սրբություն, Սրբազա՛ն Հայրեր, Հարգելի՛ ներկաներ, Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգևել: Մեր ժողովրդի և անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած և հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների հազարամյա մաքառումներով անցած հայոց հողում։

Ձե՛րդ Սրբություն, Ձեր այցը երկար սպասված էր մեր երկրում։ Սիրո և խաղաղության, գթասրտության համամարդկային արժեքների և մարդասիրական գաղափարների նկատմամբ Ձեր հավատարմությամբ և հայությանը հուզող հարցերի հանդեպ Ձեր մշտական հոգածությամբ Դուք վայելում եք հայ ժողովրդի մեծ հարգանքն ու հիացմունքը։ Շնորհակալ ենք ջերմությամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգևելու համար։ Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայությամբ օրհնություն, երջանկություն ու խաղաղություն եք բերում մեր երկիր, ջերմությամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը։ Ձեր կողմից որպես այցի նշանաբան` «այց առաջին քրիստոնյա երկիր» պաշտոնական կարգախոս հաստատելը և ուղևորությունն «ուխտագնացություն» բնորոշելը վկայում է մեր երկրի և հայ ժողովրդի հանդեպ Ձեր հոգածության, ինչպես նաև կաթոլիկ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առանձնահատուկ կապի մասին: Մենք շնորհակալ և երախտապարտ ենք Ձեզ դրա համար: Հարգարժա՛ն հյուրեր, 15 տարի առաջ՝ 2001 թվականին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան մեր երկրում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ էր։ Այսօր Ֆրանցիսկոս Պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ հիշարժան տարելից՝ Հայոց անկախ պետականության վերականգնման 25-ամյակը, տոն, որ յուրաքանչյուր հայի համար նվիրական է։

Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմական սլացքում շատ դժվարություններ է տեսել՝ ցեղասպանությունից, օտարի բռնատիրությունից ու բարեկամի անտարբերությունից մինչև ժխտողականություն: Տեսել է, սակայն չի կորցրել մարդասիրության, հանդուրժողականության ու համերաշխության գաղափարներին հավատալու իր կարողությունը։ Եվ չի կորցրել իր հավատի, դավանած արժեքների, խաղաղասիրության ու նաև մեզ ձեռք մեկնած ու սատար կանգնած մեծ հումանիստների շնորհիվ։ Ինչպե՞ս չհավատալ արդարության հաղթանակին, երբ անգամ 1915-ը 2015-ից բաժանող 100-տարիներից հետո կաթոլիկ աշխարհի սրտից աշխարհին է ուղղվում արդարադատ այն ուղերձը, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրներից առաջինը՝ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և անհերքելի իրողություն. երբ անկախ ամեն ինչից կեղծիքն ու ժխտողականությունը սկսում են երերալ պատմական արդարության առաջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը, որ հաջորդեց Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված պատարագին հենց դա վկայեց։ Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա։

Ձե՛րդ Սրբություն, Սիրելի՛ ներկաներ, 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու հայ ժողովրդի որոշումը, անշուշտ, կարևոր իրադարձություն էր համաշխարհային պատմության մեջ։ Սակայն հայ ժողովրդի համար այն առավել քան ճակատագրական եղավ․ քրիստոնեական հավատը դարձավ հայոց ինքնության դրոշմը՝ պայմանավորելով թե՛ մեր պատմական ուղին, թե՛ այն արժեքներն ու կենսամշակույթը, որ մեզ ուղղորդեցին դեպի 21-րդ դար, դեպի ներկա, դեպի այս ակնթարթը։ Քրիստոնեության արմատները շատ խորն են հայոց հողում և հայ մարդու մեջ։ Հավատարիմ մնալ քրիստոնեությանը՝ սա է հայ ժողովրդի կարևոր նկարագիրը․ պատահական չէ, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարելի է հանդիպել հայկական եկեղեցիների ու խաչքարերի։ Պատահական չէ նաև, որ կաթոլիկ եկեղեցու բարձրագույն՝ «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացավ և քրիստոնեության 36 մեծագույն մտածողների շարքը համալրեց մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին: Դա մեծ պատիվ էր, ազգային արժևորման կարևոր իրադարձություն, որը եկավ կրկին փաստելու, որ Հայաստանին և Սուրբ Աթոռին միավորող կապերը բխում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից:

Քրիստոնեությունը մեզ համար ոչ միայն դավանանք է, այլև կենսակերպ. այն հայ ժողովրդի մեջ արմատավորել է խաղաղությամբ ապրելու ձգտումը և դժվարությունները զսպվածությամբ ու պատվով հաղթահարելու փիլիսոփայությունը: Եվ որքան մենք ավելի քրիստոնյա ենք դարձել, այնքան ավելի ենք հարգել ու արժևորել այլոց դավանանքը, այնքան ավելի հանդուրժող ու խաղաղասեր ենք դարձել, կարողացել ենք համերաշխ ապրել այլ ժողովուրդների հետ, ինչպես նաև՝ առավել խնամքով մեր հողում պահել այլոց հոգևոր-մշակութային արժեքները։ Միջկրոնական բարեկամական հարաբերությունների օրինակները շատ են. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը ակնառու օրինակ է, կամ հենց նույն Մերձավոր Արևելքում մինչև վերջին տարիների անբարենպաստ զարգացումները հայ համայնքների խաղաղ ու ծաղկուն գոյությունը, ներդաշնակ համագոյակցությունը հյուրընկալ ժողովուրդների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների հետ դրա լավագույն ապացույցն են:

Մենք խոր ցավով ենք հետևում Մերձավոր Արևելքում վանդալիզմի ու այլատյացության դրսևորումներին, որի միակ նպատակը այդ տարածքներից մշակութային սպանդի միջոցով պատմական հիշողության վերացումն է: Ձե՛րդ Սրբություն, ինչպես իրավացիորեն նկատել եք ապրիլի 12-ի Ձեր ելույթում, մեր այս բարդ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղության կարիք ունեն, խոսքն այն ժողովուրդների մասին է, որ անցյալում, չնայած տարաձայնություններին և ճնշումներին, համատեղ խաղաղ կյանքի երկարատև ժամանակահատվածներ են ունեցել, նույնիսկ դժվարությունների մեջ աջակցել միմյանց։ Այսօր էլ Հայաստանը խաղաղության է ձգտում, մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ համագոյակցության, որքան էլ որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը դարձել է խրթին ու դժվարանցանելի: Գուցե այն պատճառով, որ տևական խաղաղության հիմքում ժողովուրդների ազատության ու ազատ կամընտրության գաղափարն է։ Ձե՛րդ Սրբություն, լիովին համամիտ եմ, որ «Խաղաղությունը որքան Աստծո պարգևն է, նույնքան էլ մարդկային ձեռքբերում է»։ Ես հավատում եմ մարդկային ձեռքբերումներին, ամեն մի վայրկյան սեփական կյանքի գնով խաղաղություն պահպանողներին, խաղաղություն պարտադրողներին: Ես լավատես եմ. ես հավատում եմ, որ ազատության և խաղաղության մասին մարդկության՝ դարերով փափագած երազանքները մի օր իրականություն են դառնալու: Բարով եք եկել առաջին քրիստոնյա երկիր»։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով