ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծումը վնասում է ինչպես Բաքվին, այնպես էլ նրանց, ով համագործակցում է նրա հետ այդ հարցում, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Մինսկում կալանավորված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ տեղի ունեցած սկանդալը։
«Ո՞վ կարող է շահ կորզել Լապշինի շուրջ տիրող իրավիճակից։ Կարծում եմ` դա հեղինակություն չի ավելացնի ոչ մեկին, մասնավորապես նրանց, ովքեր խոչընդոտում կամ հետապնդում են մարդկանց իրենց հիմնական իրավունքների` ազատ տեղաշարժման և խոսքի ազատության համար», – ասաց Նալբանդյանը երեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը>>
Նրա խոսքով, մարդիկ այցելել և այցելելու են Ղարաբաղ։ «Ադրբեջանի սև ցուցակում ներառված է շուրջ 500 մարդ` պետական, քաղաքական գործիչների, մշակույթի հայտնի գործիչներ։ Մի՞թե, ինչ–որ մեկը կհամագործակցի Ադրբեջանի հետ նրանց արտահանձնելու հարցում։ Իհարկե, ոչ», – ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը։
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին>>
Նա ավելացրեց, որ Ղարաբաղը գրավում է զբոսաշրջիկներին, և ստեղծելով խոչընդոտներ` Ադրբեջանը միայն թեժացնում է հետաքրքրությունը։ «Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս, այս ամենը վնասում է ինչպես Բաքվին, այնպես էլ նրանց, ովքեր փորձում են համագործակցել նրա հետ», – նշեց Նալբանդյանը։
2016 թ.–ի դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նման անձանց արգելվում է այցելել Ադրբեջան։ Այդուհանդերձ, 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։
Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Լապշինի բողոքն իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին
Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
2017 թ.–ի հունվարի 20–ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է ընդունել բավարարել Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցը։–0–