Գյումրում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող անձը մոլեռանդ կրոնական է, բնակվել է Հունաստանում. նոր մանրամասներ

25.04.2017, 20:04
Գյումրում ռուս զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Արման Ջանջուղազյանը մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։
Գյումրում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվող անձը մոլեռանդ կրոնական է, բնակվել է Հունաստանում. նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գյումրում ռուս զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Արման Ջանջուղազյանը մեծացել է հունաստանի Սալոնիկ քաղաքում, գրում է aravot.am–ը։

Նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել է իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում:

Նրա հարցաքննությունից Aravot.am-ին հայտնի է դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից է։

«Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն», – նշվում է հրապարակման մեջ։

Թերթը հայտնում է, որ Բուլվարային թաղի բնակիչները (սպանության վայրը, խմբագրություն) գիտեին, որ նա «դրսի հայ է, մոլի կրոնական»։

Загружается новость ... "Лево"

Ինչպես Aravot.am –ին հայտնել է կասկածյալի հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանը, Ջանջուղազյանը 14 տարի բնակվել է Հունաստանում, Հայաստան վերադարձել է նախորդ տարի՝ 2016 թվականին։ Նրա խոսքով, Ջանջուղազյանը բնակվում է պապիկի հետ Ստեփանավան քաղաքում։

Հայրապետյանն ավելացրել է, որ Ջանջուղազյանը ծնողների մասին խուսափում է խոսել, հետևաբար հայտնի չէ նրանք բաժանվա՞ծ են, թե՞ մահացած։ Նա նաև նշել է, որ կասկածյալն առաջին անգամ էր Գյումրիում, ուղեկցողներ չի ունեցել, եղել է մենակ և ծանոթ չի եղել ռուս զինծառայողի հետ։

Գյումրում տեղակայված ռուսական ռազմակայանի 21–ամյա զինծառայող Դմիտրի Յալպաևը սպանվել է ապրիլի 22–ին Գյումրու խանութներից մեկի մոտ։ Յալպաևը մահացել է պարանոցի և գլխի շրջանում սուր կտրող–ծակող գործիքից ստացված վնասվածքներից։ 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 20–ամյա Արման Ջանջուղազյանը, ով արդեն մասնակցել է քննչական փորձաքննությանը և փաստաբանի ներկայությամբ ցուցադրել է իր գործողությունները սպանության ժամանակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։

Մասնավորապես, զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն:–0–