Գյումրու թիվ 40 դպրոցում 697-780 դրամի սննդի ծանրոցների փոխարեն երեխաներին տրվել են մոտ 200 դրամի ծանրոցներ. հափշտակվել է շուրջ 11 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քերական գործով վերականգնվել է պատճառված՝ 11.315.949 ՀՀ դրամի վնասը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2014-2018 թվականներին «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպության և տնտեսվարողների միջև տարբեր ժամանակահատվածներում կնքվել են շուրջ 15.481.173 ՀՀ դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր:
Պարզվել է, որ կազմվել են բովանդակությամբ կեղծ արձանագրություններ և ակտեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ինչպես ստացված ծանրոցների քանակի, այնպես էլ՝ այդ ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի և սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ: Արդյունքում՝ 697-780 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն, փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել են մոտ 200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը՝ 11.315.949 ՀՀ դրամը, խաբեության հափշտակվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Նախաքննության ընթացքում՝ հունիսի 14-ին, դպրոցի տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը՝ 11.315.949 ՀՀ դրամը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–

