Ջորջ Քլունի. չի՛ կարելի ժխտել Հայոց ցեղասպանության փաստը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Չի՛ կարելի ժխտել 1915 թ.–ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը, շաբաթ օրը Երևանում բացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց հոլիվուդյան դերասան և ռեժիսոր, Aurora Prize մարդասիրական միջազգային մրցանակի ընտրական հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին։
«Եթե որևէ մեկը փորձում է ոչնչացնել ողջ ժողովրդին ու նրա մշակույթը, ապա դա ցեղասպանություն է։ Մենք Հայաստանում ենք, որպեսզի մի կողմից հիշենք պատմությունը, իսկ մյուս կողմից` հայացք գցեք դեպի ապագա», – ասաց Քլունին։
Նա բարձր գնահատեց այն մարդկանց գործունեությունը, որոնք վտանգում են սեփական կյանքը` ուրիշների կյանքը թեթևացնելու համար։ «Եթե ձեզ հաջողվել է, դուք պետք է կիսվենք մյուսների հետ։ Հպարտ եմ, որ Հայաստանում եմ և մասնակցում եմ 100 LIVES նախաձեռնությանը», – խոստովանեց Քլունին` կատակելով, որ նա եկել է Հայաստան` որպես իր կնոջ, հայտնի փաստաբան Ամալ Ալամուդինի ամուսին։
Նա նաև հայտնեց իր կարծիքն այն մասին, թե ինչպես են լրատվամիջոցներն ու կինոն այսօր լուսաբանում ցեղասպանությունների և փախստականների խնդիրները։ Նրա խոսքով` երբ մարդկանց հետ խոսում են վեց միլիոն փախստականների մասին, դա պարզապես թիվ է, իսկ երբ հրապարակվում է մանկահասակ մահացած փախստական տղայի լուսանկարը, դա արդեն ամբողջովին այլ կերպ է ազդում։
«Մենք պակաս մարդկային ենք դառնում, երբ մեր գլխին թվեր են թափվում։ Հարկավոր է հասկանալ դա։ Երբ նայում ես մարդու աչքերի մեջ, դժվար է մոռանալ նրա մասին», –ասաց Քլունին։
Նա հույս հայտնեց, որ հեռուստատեսային հանրությունը կկարողանա կենտրոնացնել ուշադրությունը գլոբալ հարցերի վրա։
Խաղաղության նոբելյան մրցանակի հայկական տարբերակի` Aurora Prize առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա Երևանում ապրիլի 24–ին։–0–