Երևանը ժամանակավոր ապաստան է տվել Ադրբեջանի թալիշական համայնքի ներկայացուցչին

12.02.2017, 12:23
Հայաստանի իշխանությունները ժամանակավոր ապաստան են տվել Ադրբեջանի թալիշական համայնքի ներկայացուցիչ Շահին Միրզոևին, ով ստիպված է եղել փախչել Ադրբեջանից:
Երևանը ժամանակավոր ապաստան է տվել Ադրբեջանի թալիշական համայնքի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները ժամանակավոր ապաստան են տվել Ադրբեջանի թալիշական համայնքի ներկայացուցիչ Շահին Միրզոևին, ով ստիպված է եղել փախչել Ադրբեջանից, Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ, հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից, ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան», - նշել է Բալայանը։

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։ 

Թալիշցիները իրանական լեզվախմբին պատկանող ժողովուրդ են: Բնակվում են Կասպից ծովի հարավարևմտյան ափին, Ադրբեջանի հարավ-արևելքում և Պարսկաստանի հյուսիս-արևուտքում: -0-