Արմեն Սարգսյանը նշել է ժողովրդական բողոքի պատճառները

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ժողովրդական բողոքի պատճառները սոցիալական դժվարություններն էին, ապագայի հարցում հավատի բացակայությունն ու անբավարարվածության զգացումը, հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանում շատ են խնդիրները։ Անբավարարվածությունն ու ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը հանգեցրեցին հուզմունքների և ժողովրդական շարժման։ Հիմա պատմական պահ է մեր Հայրենիքի համար, եկել է նոր Հայաստան կերտելու ժամանակը», – հայտարարել է Արմեն Սարգսյանը։
Մեկնաբանելով հրաժարական տալու Սերժ Սարգսյանի որոշումը` Արմեն Սարգսյանը նշեց, որ այն խելացի է և ժամանակին։