Արմեն Ամիրյան. Երևանում պայթեցված տպարանի մասնաշենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր

28.10.2016, 18:10
Երևանի կենտրոնում նախօրեին պայթեցված նախկին տպարանի մասնաշենքն իրականում պատմամշակութային արժեք չէր ներկայացնում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Արմեն Ամիրյան. Երևանում պայթեցված տպարանի մասնաշենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում նախօրեին պայթեցված նախկին տպարանի մասնաշենքն իրականում պատմամշակութային արժեք չէր ներկայացնում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Ցավոք, շենքը ներառված չէր պատմամշակութային արժեք ունեցող հուշակոթողների շարքում և ուներ սեփականատեր, ում որոշմամբ էլ շենքը քանդվել է: Անձամբ ինձ համար ցավալի է, որ տպարանի շենքն այլևս չկա, քանի որ իմ մանկությունն անցել է այդ տարածքում», – ասաց Ամիրյանը։

Նա հրավիրեց բոլորին, ովքեր շահագրգռված են քաղաքի պատմական տեսքի պահպանման հարցում, ավելի առարկայական քննարկում կազմակերպել, հրավիրել համաժողով։

«Այո, վատ է, որ հին Երևանը վերացվել է, մեղավորներին պետք է պատժել։ Այսօր մնացել են մի քանի հին շենքեր, որոնք մենք պահպանում ենք», – ասաց Ամիրյանը։

Այս կապակցությամբ նախարարը նշեց, որ ժամանակակից Երևանը ևս հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջության տեսանկյունից։ «Հիասքանչ քաղաք է, շատ ջերմ։ Վերջիվերջո, քաղաքը մարդկանցով է քաղաք, այսօրվանով և ապագայի մասին մեր պատկերացումներով», – ասաց Ամիրյանը։

Միաժամանակ ՀՀ ԱԻՆ–ը հայտնում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ՝ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն ուսումնասիրում է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները։ Ուսումնասիրության եզրակացության վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նախկին առաջին տպարանի մասնաշենքի ապամոնտաժումն իրականացվել է նախօրեին «ՆորՏեխ Շին» ընկերության կողմից։ Այս փաստն իսկական իրարանցում է առաջացրել քաղաքացի բնակիչների և սոցցանցի օգտատերերի շրջանում։ Աղբյուրները հայտնում են, որ շենքը կառուցվել է նախորդ դարի 20–ական թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ –0–