Արցախում հակառակորդի կրակից մահացած զինծառայողը Տավուշից էր, 1 տարվա ծառայող էր

08.02.2018, 13:47
Արցախում զոհված Հայկ Քալանթարյանը ՀՀ Տավուշի մարզի Նավուր համայնքից էր, 1 տարվա զինծառայող էր։
Արցախում հակառակորդի կրակից մահացած զինծառայողը Տավուշից էր, 1 տարվա ծառայող էր

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած Հայկ Քալանթարյանը (ծնված` 1998 թ.–ին) ՀՀ Տավուշի մարզի Նավուր համայնքից էր։

ՀՀ ՔԿ–ի հաղորդմամբ, 2018 թվականի փետրվարի 07-ին ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:

Ինչպես գրում է yerkir.am–ը, հղում անելով զինծառայողի համագյուղացիներին, Քալանթարյանը ն մեկ տարվա ծառայող էր, ունի իրենից փոքր քույր և եղբայր:

Հայկի ընտանիքը զբաղվում է հողագործությամբ, ապրում է սոցիալական ծանր պայմաններում:

«Ընտանիքի հոգսը քաշող երեխա էր` հանգիստ բնավորությամբ, աշխատող, խելոք, խելացի, համեստ, ընտանիքի օրվա ապրուստը ստեղծող տղա էր», – նշել է պարբերականի զրուցակիցը։

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:–0–