Արայիկ Հարությունյանը` պաշտոնը պահպանելու, մարիխուանայի օրինականացման և միասեռ ամուսնությունների մասին

01.11.2018, 11:31
Արայիկ Հարությունյանը խոսել է պաշտոնը պահպանելու, մարիխուանայի օրինականացման և միասեռ ամուսնությունների մասին։
Արայիկ Հարությունյանը` պաշտոնը պահպանելու, մարիխուանայի օրինականացման և միասեռ ամուսնությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պատասխանել է այն հարցին, թե, արդյոք, կցանկանա՞ր հետագայում մնալ իր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր, գրում է «Հրապարակը»։

«Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայց և համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։ Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ», – նշել է Հարությունյանը։

Նրա խոսքով, նա ունի խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ, որովհետև խորհրդարանի հետ տարբեր ժամանակներ տարբեր նախագծերի մշակմանն է մասնակցել։

Հարությունյանը մեկնաբանել է նաև մտավախություններն այն մասին, որ մենաշնորհը ԱԺ-ում հաղթած ուժին հնարավորություն կտա օրինականացնել մարիխուանայի օգտագործումը, միասեռ ամուսնությունները՝ գումարած ռուսական ռազմաբազայի դուրսհանումը Հայաստանից։

«Գիտեք, կարծում եմ՝ մենք ունենք ընկերներ, որոնք սիրում են հողմաղացների հետ կռիվ անել՝ ստեղծել թիրախներ, անձնազոհաբար պայքարել դրանց դեմ և հաճույք ստանալ», – նշել է Հարությունյանը։

Նա նաև մեկնաբանել է միասեռականների հետ կապված խնդիրը։

«Ցանկացած խմբի մասին կարծիք հայտնելիս ես առաջնորդվում եմ Հայաստանի սահմանադրության պրիզմայով», – նշել է Հարությունյանը։–0–