Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում զգալիորեն կփոխվի. Հայհիդրոմետ

13.09.2016, 10:26
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ:
Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում զգալիորեն կփոխվի. Հայհիդրոմետ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Սև ծովի շրջաններից դեպի Հայաստան տեղաշարժվող ցիկլոնը իր հետ կբերի անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում», - նշել է Սուրենյանը:

Նրա կանխատեսմամբ, սեպտեմբերի 12-14-ին եղանակը անկայուն կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, որտեղ ողջ օրվա ընթացքում կգերակշռի ամպամածություն, թույլ անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ:

Սեպտեմբերի 15-17-ին ցիկլոնի ազդեցությունը կտարածվի բոլոր մարզերի վրա, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:

Սուրենյանի խոսքով, օդի ջերմաստիճանը անփոփոխ կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, իսկ 15-16-ին բոլոր մարզերում այն կնվազի 5-6 աստիճանով:

«Եթե մինչև սեպտեմբերի 14-ը Երևանում ցերեկը սպասվում է +30…+32 աստիճան տաքություն, ապա արդեն սեպտեմբերի 16-ին ցերեկը ջերմաստիճանը չի գերազանցի +24…+26 աստիճանը», - կանխատեսում է Հայհիդրոմետի ներկայացուցիչը: -0-