ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Միացյալ Նահանգները պետք է խթանեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, ասել է ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան, գնդապետ Ռիչարդ Օթզենը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«ԱՄՆ–ն ցանկանում է տեսնել տարածաշրջանում կրքերի հանդարտեցում, որպեսզի անվտանգությունը չլինի ամենից մտահոգիչ խնդիրը և մարդիկ ի վիճակի լինեն դիմել ավելի ազատ, ստեղծագործ և բաց դիվանագիտությանը», – նշել է Օթզենը։
Վերլուծաբանի խոսքով, հայկական և թուրքական կողմերը կարող են հարաբերություններում ճկունություն ցուցաբերել միայն կայուն պայմաններում, ևհենց այդ հարցում կարող է օգնել ԱՄՆ-ն։
«Միացյալ Նահանգները յուրահատուկ են այն առումով, որ այն մի երկիր է, որը հետաքրքրված է Հայաստանի զարգացմամբ, տևական մշակութային կապեր ունի Հայաստանի հետ և ունի հայկական մեծ համայնք, և միևնույն ժամանակ, ամուր անվտանգության կապեր ունի Թուրքիայի հետ», – նշել է վերլուծաբանը։
Ռիչարդ Օթզենի կարծիքով սակայն, Վաշինգտոնը կարող է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը միայն ապագայում՝ Սիրիայում և Իրաքում խնդիրները կարգավորելուց հետո:
Գնդապետի հետ այս հարցում համամիտ է նաև Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը, ում համոզմամբ Թուրքիայի ներկա ներքաղաքական իրավիճակը և հնարավոր արտահերթ ընտրությունները մեծ ակնկալիքների տեղ չեն թողնում։
«Յուրաքանչյուր անգամ, երբ Թուրքիայում ընտրություններ են, այդ երկրում ավելանում է ազգայնականությունն ու պոպուլիզմը, ուստի ամենահեշտ բանն է դառնում փոքրամասնությունների քննադատումը, լինեն հայերը թե այլ խմբեր», – նշել է Ուոքերը։
Փորձագետի կարծիքով, Թուրքիայի նախագահ Էրդողանն ազգայնականության միջոցով ձայներ հավաքելու առիթը չի կորցնի և կփորձի սրել իրավիճակը ղարաբաղյան գոտում։
«Էրդողանի սուր ազգայնական պոպուլիզմը կարող է ազդել տարածաշրջանի վրա, համոզելով ադրբեջանցիներին, որ Ղարաբաղի հարցում նրանք փոխզիջման գնալու կարիք չունեն, ինչն առավել կվատթարացնի իրավիճակը», – ասել է Ուոքերը։
Ջոշուա Ուոքերը հիշեցնում է, որ Էրդողանի կողքին այսօր Դավութօղլուի և Գյուլի նման քաղաքական գործիչների բացակայությունը լավատեսություն չի ներշնչում։
«Ժամանակին Թուրքիան եղել է տարածաշրջանում մի ամրոց, որտեղ զարգանում էր տնտեսությունը և Թուրքիան որպես խաղաղարար էր հանդես գալիս: Այսօր Թուրքիան պարզել է, որ գտնվում է հրդեհի հենց կենտրոնում և այլևս ի վիճակի չէ ինքնուրույն կայունացնել իրավիճակը տարածաշրջանում», – նշել է Ուոքերը։–0–