ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին ավտոբուսի պայթյունի դեպքի քննության մեջ
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին Երևանում ավտոբուսի պայթյունի դեպքի քննության մեջ, ասվում է երեքշաբթի տարածած ամերիկյան դեսպանատան հայտարարության մեջ:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան դեսպանատանը ողջունելի են համարել ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը:
Նախօրեին ժամը 21։51–ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, N63 ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։ -0-