Մերձավանում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են:
Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նա նաև նշեց, որ նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 5–ի գիշերը Մերձավան բնակավայրում կրակոցների հետևանքով սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին։
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։
Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։