Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
12.10.2019,
10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
- Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ`Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ այցելել էր Հայաստան` մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23–րդ համաժողովին։ Հոկտեմբերի 7–ին Քարդաշյան քույրերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին։ Էջմիածնում մկրտվել է նաև Քիմը։ Նա ելույթ ունեցավ WCIT 2019–ի պանելային քննարկմանը, ինչպես նաև հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
- ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1–ի գործով որպես մեղադրյալ անցնող Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե իբր Հայաստանում հերոսացվել է նացիզմը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75–ամյակի նախաշեմին։
- Հոկտեմբերի 9–ին irakanum.am կայքը տեղեկացրել էր, որ վարչապետն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն անձամբ հերքել է շրջանառվող լուրերը։
- Հոկտեմբերի 9–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։ Թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։–0–