Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 29–ից օգոստոսի 2)
03.08.2019,
10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 29–ից օգոստոսի 2)։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 29–ից օգոստոսի 2)։
- Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ անհայտ անձինք ինչ–որ նյութեր են լցրել ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմաններին և շիրմաքարերին, որոնք գտնվում են «Եռաբլուր» պանթեոնում։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ պարզաբանմամբ` նշելով, որ գերեզմաններին նյութեր լցրած անձը հայտնաբերվել է։
- Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA) հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը, զիջելով Ադրբեջանում Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի ճնշմանը, կարող է փակել Արցախում որպես մարդասիրական օժանդակություն իրականացվող HALO Trust ականազերծման ծրագիրը, որն անթիվ կյանքեր է փրկել ամբողջ հանրապետության տարածքում։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանել է ԱՄՆ–ի կողմից Արցախում HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորման հնարավոր կրճատման կամ դադարեցման տեղեկությունը։
- ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է ավտոմաքսատունը տեղափոխել Գյումրի։ «Ծրագրի շրջանակում առաջարկում ենք 181 մլն դրամ, որից մոտ 41 մլն դրամը նախատեսված է նախնական հաշվարկների, գեոդեզիական ուսումնասիրությունների, իսկ 140 մլն դրամը`սարքավորումներ գնելու համար», – նշել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
- Նախօրեին Երևան–Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս։ Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաներ: Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ մեքենաներից մեկը պատկանում է «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին:
- Sanitek ընկերությունը պատրաստ է ներդնել 4մլն դոլար Երևանում «աղբահանության ճգնաժամը» լուծելու համար: Այդ մասի ուրբաթ կայացած մամուլի ասուլիսին տեսակապի միջոցով հայտարարեց ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը: Նրա խոսքով, ընկերությունը պատրաստ է ներդնել միանգամից 4 մլն դոլար` նոր աղբահավաք մեքենաների և աղբամանների ձեռքբերման համար: Բացի այդ, ամեն տարի գումար ներդնել 500 նոր աղբամանների ձեռքբերման համար, հնարավորության դեպքում արդիականացնել ավտոպարկը:–0–