ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները Սյունիքի մարզ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ու հանցավոր ներխուժման կապակցությամբ։
Թաթոյանը նշել է, որ միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետևանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝
- 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.
- 170 հեկտար անտառային հողեր.
- 130 հեկտար համայնքային հողեր:
Ընդհանուր՝ 2,700 հեկտար։
Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով: Խոսքը Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ գյուղերի մասին է։–0–