ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «դելտա» շտամի հետ կապված կա մահացության, ծանր, ծայրահեղ ծանր ընթացքում համամասնության մեծացում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երբ նախորդ տարի լինում էր 764 դրական դեպք, ապա հոսպիտալացման տոկոսը շատ ավելի նվազ էր, քան հիմա։
«Սա նշանակում է, որ նույն ցուցանիշի պարագայում մենք զբաղեցնում ենք ավելի շատ մահճակալներ, և մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում», – նշեց նախարարը։
Նրա խոսքով, Հայաստանում այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860–ը։ 319 վերականդանացման մահճակալներից զբաղված է 289–ը։
«Հիվանդանոցային զբաղվածության 97–98 տոկոսն այն քաղաքացիներն են, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։ Մենք դիտարկում ենք Իսրայելը, Միացյալ Թագավորությունը, եվրոպական երկրները, որտեղ պատվաստման ցուցանիշը բավական բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման և մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով իր թեթևությամբ անհամեմատելի է անցած տարվա հետ», – ասաց Ավանեսյանը։
Նա նաև նշեց, որ առջևում աշուն է։ Աշունը նկատվում է հիվանդացության աճ` սիրտ–անոթային հիվանդություններ, շատ քրոնիկ հիվանդություններ այս ընթացքում սրվում են։
«Եթե ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակում է սպասարկել COVID-19 –ով հիվանդներին, այլ հիվանդություններով մարդկանց համար դժվար հասանելի է դառնում բուժօգնության տրամադրումը», – նշեց Ավանեսյանը։
Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով։–0–