ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ նախկի տնօրեն, ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է իր հասցեին հնչող մեղադրանքներն այն մասին, որ 1400 հայախոս ադրբեջանցիներին տրամադրվել են հայկական անձնագրեր։
Ավելի վաղ «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ Քյարամյանն ադրբեջանցիներին հայկական անձնագրեր է բաժանել իր կողմից նշանակված անձնագրային բաժինների պետերի միջոցով։
Քյարամյանն այս համատեքստում նշեց այն փաստը, որ իր` ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում Իսագուլյանի որդին իր դիմումի հիման վրա ազատվել է ԱԱԾ–ում զբաղեցրած պաշտոնից։
«Այնքան անհեթեթ և իրարամերժ մոտեցումներ կան այդ հրապարակման մեջ։ ԱԱԾ տնօրենն անձնագրային բաժանմունքի կամ բաժնի պետեր նշանակելու լիազորություններ չունի։ Դա ոստիկանության գործառույթն է։ Բացի այդ, անձնագիր ստանալու գործընթացը բավականին բարդ և բազմափուլ պրոցես է, որը սկսվում է ոստիկանության անձնագրային բաժանմունքից, այնուհետև շարունակվում է Քաղաքացիության հարցերով հանձնաժողովի որոշմամբ, գնում է կառավարություն, կառավարությունից հետո վարչապետի մոտ, վարչապետի մոտից նախագահի մոտ, և քաղաքացիություն ի վերջո շնորհում է հանրապետության նախագահը», – ասել է Քյարամյանը։
Նրա խոսքով, այդ գործընթացն ամենաքիչը կարող է տևել, ըստ օրենքի, 6 ամիս։
«Ինչպես գիտեք ես ավելի կարճ ժամանակահատված եմ ղեկավարել ԱԱԾ–ն։ Ես հետաքրքրվել եմ` իմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ընդամենը մի քանի տասնյակ արտասահմանցիներ են ստացել անձնագիր, այն էլ բոլորը ազգությամբ հայեր են եղել, իսկ անձնագրային պետ ընդհանրապես չի փոխվել։ ՀՔԾ–ն ենթադրաբար իմ կողմից նմանատիպ արարք կատարելու փաստի առթիվ նյութեր է նախապատրաստել, որի արդյունքում պարզվել է, որ ընդհանրապես իմ արարքում ոչ միայն հանցակազմ չկա, այլ բացակայում է հանցագործության դեպք։ Այդ նյութերը մերժվել են, և դրա հիման վրա Գառնիկ Իսագուլյանի արարքում սուտ մատնության հատկանիշներ լինելու հանգամանքը պարզելու համար քրեական գործ է հարուցվել համապատասխան հոդվածով», – նշել է Քյարամյանը։
Նշենք, որ Քյարամյանը զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը 2020թ.–ի մայիսի 5–ից մինչև հոկտեմբերի 8–ը։–0–