ՀՀ–ում փետրվարի 12-ից կարող են պարտադիր ծառայության զորակոչվել այն տղամարդիկ, ովքեր քաղաքացիություն են ստացել 27 տարեկանը լրանալուց հետո

09.02.2024, 12:47
Այս տարվա փետրվարի 12-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում «Զինվորական ծառայության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որն առավել հայտնի է որպես զորակոչից խուսափելու մասին օրենք
ՀՀ–ում փետրվարի 12-ից կարող են պարտադիր ծառայության զորակոչվել այն տղամարդիկ, ովքեր քաղաքացիություն են ստացել 27 տարեկանը լրանալուց հետո
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այս տարվա փետրվարի 12-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում «Զինվորական ծառայության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որն առավել հայտնի է որպես զորակոչից խուսափելու մասին օրենք։

Հունվարի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և փետրվարի 1-ին Նախագահի կողմից ստորագրված «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով՝ փետրվարի 12–ից կարող են զինծառայության կանչվել այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ստացել 27 տարեկանը լրանալուց հետո, բայց այս պահին 37 տարեկանից փոքր են և անցել են ժամկետային ծառայություն այլ պետությունում 12 ամսից քիչ ժամկետով կամ այլընտրանքային ծառայություն 18 ամսից քիչ ժամկետով։

Սույն կետում նշվում է նաև, որ ծառայության կարող են զորակոչվել Հայաստանի նոր քաղաքացիները, ովքեր մինչև իրենց 37-ամյակը չեն անցել պարտադիր կամ այլընտրանքային ծառայություն այլ պետությունում։

Փոփոխությունների համաձայն՝ այս կատեգորիայի քաղաքացիները կարող են պարտադիր ծառայության զորակոչվել 12 ամիս ժամկետով։ Նախագծով նախատեսվում է, որ նրանք կարող են ազատվել ծառայությունից, եթե պետբյուջե վճարեն 2,5 մլն դրամ գումար։ ($1 - 404,47 դր.)-0-