Հայտնի են 1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները (ՖՈՏՈ)

07.08.2020, 19:40
Հայտնի են  1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները. ՖՈՏՈ
Հայտնի են  1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում բուժաշխատողների շրջանում անցկացվել է COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն։

Առողջապահության նախարարությունը ներկայացնում է արդյունքների համառոտ նկարագրությունը։

Հետազոտությունն իրականացվել է երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։ Հակամարմինների թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատոր պայմաններում։

 - рис.1

Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2020թ հունիսի 12-ից հուլիսի 16-ը մեկ հիվանդանոցում մայիսի վերջին:

Արյան շճաբանական հետազոտության մեջ ընդգրկվել են 1148 բուժաշխատողներ 14 բուժհաստատություններից՝ 4 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն։ Նրանցից 14,98%-ի մոտ հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ:
Հարցմանը մասնակցել են 774 բուժաշխատողներ 13 բուժհաստատություններից` 3 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն:

Հիվանդանոցների բուժանձնակազմից հետազոտության մեջ ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 769 հոգի, որոնցից 18.5%-ի մոտ (n=142) հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ։

 - рис.2

ԱԱՊ օղակի բուժհաստատություններից հետազոտության մեջ ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 379 հոգի, որոնցից 7․9%-ի մոտ (n=30) հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ։

Նախկինում COVID-19 հիվանդություն ՊՇՌ տեստով հաստատված 31 մասնակիցներից 77.4%-ի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, մինչդեռ 22.6%-ի մոտ չեն հայտնաբերվել:

ՊՇՌ տեստով հաստատված COVID-19 հիվանդություն ունեցողների համամասնությունը հիվանդանոցի բուժաշխատողների մոտ ամենամեծը եղել է ապրիլ ամսին, իսկ ԱԱՊ հաստատությունների բուժաշխատողների մոտ մայիս ամսին: Այսինքն երբ նրանք նոր սկսել են զբաղվել COVID-19 հիվանդների բուժմամբ և բավարար փորձ չեն ունեցել պաշտպանիչ հանդերձանք կրելու:

 - рис.3

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ հակամարմինների տարածվածությունը բուժաշխատողների շրջանում միջինում մոտ 3 անգամ գերազանցում էր նախկինում ՊՇՌ հաստատված COVID-19 տարածվածությանը: Հիվանդանոցում այդ տարբերությունը ավելի մեծ էր (4.0 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն) քան ԱԱՊ օղակում (2.3 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն):

Ըստ հետազոտության արդյունքների` հակամարմինների տարածվածությունը ռենտգենոլոգների մոտ ավելի մեծ էր, քան ԱԱՊ օղակի մնացած մասնագիտական խմբերում։

Համաձայն հետազոտության նախնական տվյալների ` COVID-19-ին բնորոշ հիմնական ախտանիշների մեծամասնությունը, ներառյալ կոկորդի ցավ, հազ, դժվարացած շնչառություն, ջերմություն, հոգնածություն, մկանացավ, հոդացավ, համի և հոտի զգացողության կորուստ, ախորաժակի կորուստ, և փորլուծություն ավելի շատ հանդիպել են COVID-19 հակամարմիններ ունեցող մասնակիցների խմբում, քան հակամարմիններ չունեցող խմբում (վիճակագրորեն հավաստի տարբերությամբ)։

Ըստ հարցման արդյունքների` մասնակիցների ճնշող մեծամասնությունը հետևում է վարակի վերահսկման և կանխարգելման հիմնական միջոցառումներին:

Ծրագիրը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ) և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի համատեղ ջանքերով։–0–