ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։
Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
Հայտնի հայազգի լրագրողն ու հասարակական գործիչը մահացավ ազգայնամոլի արձակած կրակոցից Ստամբուլում գտնվող իր գրասենյակի շեմին։ Այս սպանությունը մեծ արձագանք ստացավ ոչ միայն Թուրքիայում և Հայաստանում։ Դինքի հուղարկավորությունը վերածվեց բազմահազար ակցիայի, որին մասնակցեցին մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք խստորեն դատապարտեցին այս հանցագործությունը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց անդրադառնալ այդ իրադարձություններին և վերլուծել, թե արդյոք որևէ բան փոխվել է Թուրքիայում այս տարիների ընթացքում։
Ինչի՞ համար
53–ամյա Հրանտ Դինքը հայտնի դարձավ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին իր սուր նյութերի շնորհիվ, ինչի համար նա բազմաթիվ անգամ ենթարկվել էր հալածանքների իշխանությունների կողմից։ Դինքը պնդում էր, որ ցեղասպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, և թուրքական իշխանությունն ու հասարակությունը պետք է ճանաչեն իրենց մեղքը կատարված հանցագործությունների համար։
Սակայն լրագրողը ջանք էր գործադրում ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Նա իրեն համարում էր Թուրքիայի հայրենասեր և իր գլխավոր նպատակն էր հայ և թուրք ժողովուրդների հաշտեցումը։ Դինքը միշտ սպառնալիքներ էր ստանում թուրք ազգայնամոլների կողմից, սակայն նրա անվտանգությունն այդպես էլ չապահովվեց։
Պարզ է, որ գործը «մութ է»...
Սպանությունից մեկ օր անց թուրքական ոստիկանությունը ձերբակալեց 17–ամյա ազգայմանոլ Օգյուն Սամաստին և Տրապիզոնի տասնյակ բնակիչների, որոնց թվում էր մարդասպանի գաղափարական ոգեշնչող Յասին Խայալը, ով հայտնի է իր արմատական իսլամիստական գաղափարներով և ժամանակին ազատազրկման է ենթարկվել ահաբեկչություն կազմակերպելու համար։ Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Սամաստը խոստովանել է և նշել, որ որոշել է սպանել լրագրողին նրա հրապարակումների պատճառով, որոնք, առաջին հերթին, վերաբերում են Հայոց ցեղասպանությանը։
Յասին Խայալի հայրը հայտարարեց, որ Դինքի սպանության հետ կապ ունեն պետական պաշտոնյաներ։ Այս խոսքերն անուղղակիորեն հաստատեցին այն հանգամանքը, որ Դինքի սպանության գործի քննության արդյունքում պաշտոնից ազատվեցին Տրապիզոնի մարզպետն ու անվտանգության վարչության պետ, ինչպես նաև Ստամբուլի բարձրաստիճան պաշտոնյաներ։
2010 թ.–ի հունիսին Դինքի ընտանիքի փաստաբանին գտան կախված վիճակում սեփական բնակարանում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Դինքի սպանության գործով վերջին դատավարության ընթացքում փաստաբանը ներկայացրեց կասկածյալ Օգյուն Սամաստի մեղքի ապացույցներ։ Քննության նախնական վարկածով` փաստաբանն ինքնասպան էր եղել։
Աղմկահարույց գործով դատավարությունն ավարտվեց լրագրողի սպանությունից միայն հինգ տարի անց։ Հանցագործության կատարողը` Օգյուն Սամաստը, ով այդ պահին անչափահաս էր, դատապարտվեց 21 տարի 10 ամիս ազատազրկման։ Գործով անցնում էր 19 մարդ, սակայն նրանցից միայն երկուսը` Էրխան Տունջելն ու Յասին Խայալը մնացին կալանքի տակ և դատապարտվեցին ցմահ ազատազրկման։
Ունենք, սակայն չենք պահպանում...
Դինքի մահից հետո նրա անվան շուրջ սկսվեց մի մեծ իրարանցում։ Նա հետմահու արժանացավ ՀՀ նախագահ մրցանակին պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում կատարված զգալի ներդրման համար։ Առաջարկվեց Դինքի թեկնածությունը ներկայացնել Նոբելյան մրցանակի, հավերժացնել լրագրողի հիշատակը` նրա պատվին անվանակոչելով փողոց, դպրոց։
Թայիպ Էրդողանը, ով այն ժամանակ Թուրքիայի վարչապետն էր, Դինքի սպանությունը որակեց հանցագործություն` ընդդեմ ազգի միասնության և կայունության։ Թուրքական ԶԼՄ–ների ներկայացուցիչները դատապարտեցին Դինքի սպանությունը և նշեցին, որ դա «կորուստ է Թուրքիայի համար»։
Մյուս կողմից, անգամ Դինքի սպանությունը չսառեցրեց թուրքական դատական իշխանությունների հետաքրքրությունը նրա անձի նկատմամբ։ Փետրվարի 7–ին Ստամբուլի Շիշլի շրջանի քրեական գործերով դատարանը վերսկսեց լրագրողի նկատմամբ դատավարությունը «թուրք ազգին վիրավորելու» հոդվածով` Թուրքիայի Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման հիման վրա, սակայն հետաձգեց լսումները մինչ Դինքի մահվան մասին վկայական ստանալը։
Նա պայքարեց մինչև վերջ
Իր վերջին հարցազրույցում Դինքը խոստովանել է, որ վախը նրան ուղեկցել է ամեն օր, սակայն դա նրան չի խանգարել պայքարել մինչև կյանքի վերջ և չհեռանալ Թուրքիայից:
«Ես ցանկանում եմ պայքարն այստեղ շարունակել: Չէ որ սա միայն իմ պայքարը չէ: Սա բոլոր նրանց պայքարն է, ովքեր ձգտում են Թուրքիայի դեմոկրատացմանը: Եթե ես հանձնվեմ և լքեմ երկիրը, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում են ապրել իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մահանալ այն երկրում, որտեղ ծնվել եմ», - ասել էր այն ժամանակ Դինքը:
Ոչինչ չի փոխվել...
Այս բոլոր իրադարձություններից արդեն անցել է տասը տարի։ Թուրքիայում տիրող իրավիճակն, ըստ էության, չի փոխվել, և հիմա ազգայնամոլների հետապնդման թիրախ է դարձել Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ազգային–դեմոկրատական քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Գարո Փայլանը։ Նախորդ տարվա մայիսին նա հարձակման ենթարկվեց հենց Թուրքիայի խորհրդարանի նիստի ժամանակ, երբ պահանջեց քննել հայկական մտավորականության մի շարք հայտնի ներկայացուցիչների սպանությունները, ովքեր դարձել են Հայոց ցեղասպանության զոհեր։
Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների պատճառով Փայլանին արգելվել էր մասնակցել խորհրդարանի երեք նիստերին, նրան սպառնում են կալանքով, ֆիզիկական հաշվեհարդարով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում