www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը հնարավորություն է տալիս ներկայացնել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, առցանց եղանակով հետևել դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին, ստանալ դիմումի, հարցման կամ բողոքի պատասխանը նույնպես առցանց եղանակով:
Կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում աճել է Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին էլեկտրոնային համակարգերի միջոցով ուղղված դիմումների ընդհանուր ծավալը։
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ www.e-request.am–ի միջոցով, օրինակ, 2020 թվականի մարտ ամսին քաղաքացիներն ուղարկել են 5329 դիմում, իսկ ապրիլին նկատվել է զգալի աճ։ Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի հունվարին քաղաքացիներն այս նույն հարթակով ուղարկել էին ընդամենը 910 դիմում, այսինքն՝ դիմումների թիվն ավելացել է ավելի քան 5 անգամ։
Այս կտրուկ աճը վկայում է, այն մասին, որ կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը ոչ միայն արդիական և արդյունավետ միջոց է համապետական և տեղական մակարդակներում տարբեր պետական կառույցներին դիմում, բողոք, հարցում ներկայացնելու համար, այլև քաղաքացիների առօրյա կյանքը հեշտացնող հաշվետու գործիք է։