«Նովոստի–Արմենիան» 14 տարեկան է. «Կատաղած գազար», քաղաքավարի պաշտոնյա և այկիդո. մեդիայում աշխատելու նրբությունները

Գիտնականները ջանքեր չեն խնայում երիտասարդության և անմահության դեղահաբ ստեղծելու համար։ Անմահության մասին ոչինչ չենք կարող ասել, բայց երիտասարդության դեղահաբն, ամեն դեպքում, ավելի իրատեսական է։ «Նովոստի–Արմենիան» այսօր դառնում է 14 տարեկան։ Դա շա՞տ է, թե՞ ոչ։ Գործակալության համար քիչ չէ, իսկ ընդհանուր առմամբ մենք գտնվում ենք դեռահասության շրջանում, դա նշանակում է, որ դեռ շատ բան ունենք անելու։ Իսկ ինչու՞ ոչ։ Հիշում եք «Լավագույնը դեռ առջևում է» արտահայտությունը։ Դա հենց մեր մասին է։

Այս տարի որոշեցինք ավանդական շնորհավորանքի փոխարեն հրապարակել գործակալության աշխատակիցների հետ պատահած ծիծաղելի պատմությունները։ Այո, այո, այդ ամենն իսկապես տեղի է ունեցել մեր լրագրողների հետ իրական կյանքում։ Կարդալով այս պատմությունները` կզգաք մեր աշխատանքային առօրյայի մթնոլորտը։ Հաճելի ընթերցում։


Պատմություն №1

Մի «Կատաղած գազարի» պատմություն կամ լրագրողական դերի մեջ մտնելու անկանխատեսելի հետևանքները

Ցանկացած մասնագիտության հիմունքներին ծանոթանալու գործընթացն, իհարկե, կարևոր իրադարձություն է, իսկ եթե այդ պրոցեսը նաև ինտերակտիվ է, ապա դու կարող ես մինչև ոտքերդ խրվել այդ պրոցեսի մեջ, որի հետևանքներն իսկապես անկանխատեսելի են։

Ժուռնալիստիկան անակնկալներով լի մասնագիտություն է, և իրեն հարգող ցանկացած լրագրող պետք է միշտ պատրաստ լինի իրադարձությունների ամենաանկանխատեսելի զարգացումներին։ Հենց այսպիսի տրամադրվածություն ունեին տարբեր երկրներից ժամանած մի խումբ լրագրողներ, ովքեր մի քանի տարի առաջ մասնակցում էին պրոֆեսիոնալ գիտելիքների և հմտությունների հղկման թրեյնինգներին։
 
Եվ մեր պրոֆեսիոնալ մարզիչն իսկապես ջանացել էր, որպեսզի մենք հղկենք մասնագիտական հմտություններն իրականությանն առավելագույնս մոտ պայմաններում։ Մեզ համար բեմադրում էին քաղաքական իրադարձություններ ու հանրահավաքներ, արտակարգ պատահարներ և աղմկահարույց սկանդալներ, կանչում էին «ասուլիսների», մենք վերցնում էինք «հարցազրույցներ», վազում «նյուզմեյքերների» հետևից, մի խոսքով զգում էինք մեզ ինչպես փորձառու լրագրողներ։ Ինձ իսկապես պատել էր վիրտուալ դրայվը, և ես ամբողջությամբ ընկղմվել էի այդ մթնոլորտի մեջ։

Առաջադրանքներից մեկի ժամանակ մենք պետք է մասնակցեինք ինչ–որ մասնավոր ընկերության ներկայացուցիչների «ասուլիսին», որը ներկայացնում էր դեղամիջոց ալկոհոլային ախտանիշի դեմ։ Մենք պետք է ընկերության ներկայացուցիչներից «կորզեինք» որքան հնարավոր է շատ տեղեկություն դեղորայքի մասին, որը կոչվում էր «կատաղած գազար»։ «Անանուն աղբյուրներից էլ մեզ հայտնել էին, որ դեղորայքը դեռ պատենտավորված չէ, սակայն արդեն առկա է շուկայում, և մենք պետք է փորձեինք կազմակերպել լրագրողական հետաքննություն։ 

Մոտենալով ասուլիսի անցկացման վայրին` ես նկատեցի «մրցակից ԶԼՄ–ների». թրեյնինգի մասնակիցներից ոմանք արդեն մոտակայքում էին և դավադրական տեսքով ակնարկում էին, որ իրենք մինչև միջոցառման սկիզբը հասցրել են նյուսմեյքերներից էքսկլյուզիվ տեղեկություններ ստանալ: Եվ հենց այդտեղ սիրտս սկսեց արագ բաբախել։ «Մենք էլ անպետք չենք», ուղեղումս անընդհատ այդ միտքն էր պտտվում, և ես անհապաղ գործի անցա` փորձելով կորզել ինֆորմացիայի իմ բաժինը: Մտնելով շենք` շուրջս նայեցի ու միջոցառման անցկացման վայրը նշող ցուցանակներ գտա: Սլաքներին հետևելով` հասա մի սրահի դռան մոտ ու ներս ներխուժեցի:

«Լավ էլ պատրաստվել են, նույնիսկ ձևական մասնակիցների քանակ են ապահովել»,- մտածեցի ես` տեսնելով մարդկանցով լի սենյակ, ովքեր լսում էին շնորհանդեսը, ուսումնասիրում պատերի սլայդերը, մանրամասնող հարցեր էին տալիս: «Ահա թե ինչ, նրանք սկզբում այդ դեղորայքի շնորհանդեսն են կազմակերպել, որից հետո նոր ասուլիս է լինելու, և մենք պետք է հասկանայինք, որ եթե շուտ գանք, ապա շատ հետաքրքիր բաներ կիմանանք»,- մտածեցի ես:

Ինձ մոտեցավ մի առույգ երիտասարդ` զարմացած հայացքով, կարծես ասեր. «Մենք ձեզ չէինք սպասում»: 

Ես ներկայացա որպես լրագրող և ուշադրություն չդարձնելով այն հանգամամանքին, որ նա փորձում է խուսափել ինձնից (մեզ մոտ փակ միջոցառում է, մենք ԶԼՄ չենք կանչել)` սկսեցի «տանջել» նրան.

- Ձեզ մոտ պրեզենտացիա է չէ՞, դուք նոր ապրա՞նք եք ներկայացնում
-Այո, բայց մեզ մոտ դեռ փորձնական փուլ է…
-Այո-այո, ինձ հայտնի է, և դուք հիմա ինձ ամեն ինչ կպատմեք
-Որտեղի՞ց եք իմացել մեր պրեզենտացիայի մասին  
-Ի՞նչ կարևոր է: Դուք պատմեք «կատաղած գազարի» մասին, դրա շուկա դուրս գալու, վաճառքների պլանների մասին, ես պետք է իմանամ…

Այստեղ երիտասարդի դեմքը փոխվեց, և նա ինձ հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում: 

Ես պետք է, որ ինչ որ բան կասկածեի, բայց արդեն շատ մեծ «թափ էի հավաքել»: Հաջորդ հարցս ալկոհոլային ախտանիշի դեմ դեղամիջոցների պահանջարկի մասին էր: 

Երիտասարդը առաջարկեց չանհանգստանալ և սկսեց ինձ դեպի դուռը հրել` միաժամանակ օգնություն փնտրելով: Բայց բոլորը սլայդերով էին զբաղված, և ես կրկին հարձակման անցա:

-Լսեք, ես ամեն ինչ գիտեմ, ինձ միայն մեկնաբանություններ են պետք: Եկեք սկզբից սկսենք: Ի՞նչ եք դուք ներկայացնում:

-Թմբուկներ… 

Քանի որ նա ցածր և վախեցած ձայնով դա ասաց, ես մտածեցի, որ սխալ եմ լսել: «Ի՞նչ թմբուկներ: Ինչո՞ւ թմբուկներ: Սցենարով պետք է «կատաղած գազար» լիներ»:

Եվ այդտեղ ես տեսա նրանց… թմբուկները` փոքր ու մեծ, խնամքով շարված էին պատի տակ: Սլայդերի վրա ցուցադրված էին թմբուկների արտադրության փուլերը: Սրահում խոսվում էր հարվածային գործիքների առանձնահատկությունների մասին:

Այդ պահին դահլիճի դուռը բացվեց և իմ զուգընկերը` աչքերը չռած, շշուկով ասաց, որ ասուլիսն արդեն սկսվում է, «իսկ դու ինչ-որ տեղ կորել ես, արագացրու»:

Իրականությունն ամբողջ ծանրությամբ ընկավ գլխիս: Շնորհանդեսն իրական էր: Դահլիճում նստած մարդիկ թմբուկների արտադրությամբ էին զբաղվում և գաղափար անգամ չունեին մեր թրեյնինգի մասին: Ես պարզապես դուռն էի շփոթել: 

«Կատաղած գազարի» արտադրողներին ջրի երես դուրս բերելու իմ փորձերն ընկալվել էին որպես ալկոհոլային ախտանիշի սինդրոմ: Ինչպիսի հեգնանք:

Հետո, երբ օրվա վերջում մենք քննարկում էինք անցկացնում, մեր մարզիչը նույնիսկ գովեց ինձ, ասաց, որ նման արդյունք ոչ ոք չէր սպասում, խոստացավ հաջորդ խմբերին պատմել իմ թմբուկների մասին` ինչպես թրեյնինգների ժամանակ դերի մեջ մտնելու դասական օրինակ:

Իսկ «կատաղած գազարի» մասին մենք մեր, արդեն կեղծ, արտադրողներից «քամեցինք» այն ամենն ինչ հնարավոր էր: Բայց թմբուկները դեռ երկար ժամանակ հիշեցնում էին իրենց մասին:

Ելենա Դավիդյան 

Պատմություն №2

Քաղաքավարի պաշտոնյան կամ ինչպես են լրագրողները տեղեկատվություն «կորզում»

Չորս տարի առաջ, երբ դեռ լրագրող էի, լուսաբանում էի ՏՀՏ ոլորտին նվիրված մի միջոցառում։ Եվ այնպես ստացվեց, որ այդ միջոցառմանն առաջին անգամ հայտնվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը։

Ընդմիջման ժամանակ դուրս վազելով միջանցք` փոխնախարարի հետևից` պարզեցի, որ նրան արդեն շրջապատել է օպերատորների և լրագրողների մի մեծ ամբոխ։ Մի կերպ խցկվելով լրագրողների արանքում` ես ամեն կերպ փորձեցի հասնել փոխնախարարին և դիկտոֆոնը պահել նրա շուրթերի մոտ։ 

Ինձ հազիվ հաջողվեց խցկվել կողքով և կանգնել մեկ ոտքի վրա։ Եվ դա ամենևին էլ դժվար չէր, քանի որ երկու կողմից շրջապատված էի լրագրողներով ու որ անգամ ցանկանայի ընկնել, չէի կարողանա։ Կարծես ամեն ինչ նորմալ էր, սակայն երբ փորձեցի «ամրապնդել» իմ միակ հենակետը` այն ոտքը, որի վրա կանգնած էի, նկատեցի, որ փոխնախարարը սկսեց տառապալի ձևով խոժոռվել։ Իսկ ես շարունակում էի նրան հարցեր տալ ու ոտքով անում այնպիսի շարժումներ, ինչպես Մորգունովի հերոսը «Կովկասյան գերուհու» մեջ, երբ փորձում էր թվիստ պարել։ 

Երբ լրագրողների հիմնական ալիքը հեռացավ, և ես կանգնեցի երկու ոտքի վրա, անսպասելիորեն պարզեցի, որ այդ ողջ ընթացքում կանգնած էի փոխնախարարի ոտքի վրա...

Իրինա Մանասյան 

Պատմություն №3

Թե ինչպես այկիդոն կարող է օգնել լրագրողական գործում

Լրագրողի կյանքը ձանձրալի չէ, հատկապես ընտրությունների օրերին: Երբ քաղաքացիներն իրենց պարտքը կատարած հանգստանում են, լրագրողները շարունակում են քրտնաջան աշխատել՝ առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը, իսկ հետո էլ ամբողջ գիշեր հետևում են քվեարկության արդյունքներին: Այդ օրը ես հասա ընտրատարածք, որտեղ պետք է քվեարկեր այն ժամանակ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Ընտրատեղամասը բավականին փոքր էր, լրագրողներն ու օպերատորները հազիվ էին տեղավորվում: Ինչպես միշտ պետք էր քվեարկության ընթացքից վիդեո նկարահանել, հետո սպասել վարչապետի ճեպազրույցին՝ նրան մի քանի հարցեր տալու համար: Ընտրատարածքը գտնվում էր բնակելի շենքի առաջին հարկում: 

 Լրագրողները շատ էին, տեղավորվել էինք, սպասում էինք վարչապետին: Օպերատորներն ընտրում էին անհրաժեշտ ռակուրսը, քննարկում նկարահանման վայրը, իրենց գործողությունները համապատասխանեցնում թիկնապահների և մամուլի քարտուղարների հետ: Վերջապես վարչապետը եկավ, չնայած, ավելի ճիշտ կլինի ասել, հազիվհազ խցկվեց լրագրողների նեղ շարքերի միջով՝ անցնելով քվեարկության սենյակ: Աշխատանքը սկսեց եռալ:

Անհրաժեշտ կադրերը ստանալով՝ օպերատորները հետ գնացին՝ վարչապետին հնարավորություն տալով կանգնել ճեպազրույցի համար նախատեսված վայրում: Բայց այստեղ միջամտեց վարչապետի անձնական թիկնապահը՝ խնդրելով լրագրողների մի մասին լքել սրահը, իսկ մյուսներին՝ պատին հենվել, որպեսզի շարժվելու տեղ լինի՝ խոստանալով բոլորին հնարավորություն տալ խոսելու վարչապետի հետ: 

 Ոմանք հնազանդորեն դուրս եկան, մնացածները մնացին սպասելու, բայց այստեղ թիկնապահները սկսեցին բոլորին պատին հրել, իսկ վարչապետն արագ քայլեց դեպի ելքը: Ահա նա արդեն աստիճաններին է, իսկ դռան շեմը փակող մի հաղթանդամ թիկնապահ ոչ ոքի թույլ չէր տալիս գնալ վարչապետի հետևից` նշելով, որ «սա անվտանգության հարց է»:

Լրագրողներն անցան գործի. մենք եկել ենք վարչապետից ճեպազրույց վերցնելու, թույլ տվեք անցնել: Բայց, ցավոք, թիկնապահն անդրդվելի էր: Ստիպված էինք ծայրահեղ քայլերի դիմել: Հասկանալով, որ թիկնապահների միջով դժվար թէ ստացվի անցնել`մտաբերեցի ամեն ինչ, որ իմ երեխաները փորձարկում էին ինձ վրա այկիդոյի դասերից հետո և անցա գործի: 

Կիրառելով այկիդոյի հնարքներից մեկն`ինձ հաջողվեց անցնել թիկնապահի ձեռքի տակով։ Նրա զարմանքը չափ ու սահման չուներ, այդ մասին էր վկայում նաև նրա դեմքի արտահայտությունը: Երկրորդ թիկնապահը, ով հետևում էր այդ տեսարանին, ծիծաղելով ասաց. «Նրան չես կանգնեցնի, նա ամենուր կանցնի և կտա իր հարցը»: Այդպես էլ եղավ: Արդյունքում ինձ հաջողվեց ձայնագրել վարչապետին և տալ նրան հարցեր, չնայած ուսս դեռ երկար ցավում էր: 

Իննա Վերլինսկայա