ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ֆանտաստիկ գոլ խփեց «Սանդերլենդի» հետ խաղում, պատմել է, թե ինչպես է որոշել այդ պահին «կարիճի հարված» կիրառել։
«Դա լավագույն գոլն էր, որ երբևէ խփել եմ,– ասել է Մխիթարյանը MUTV–ին տված հարցազրույցում։ – Առաջին հերթին ես նայեցի մրցավարի օգնականին, տեսա, որ «խաղից դուրս» ցույց չի տալիս և վազեցի տոնելու»։
«Սպասում էի, որ առջևից կստանամ գնդակը, և միայն հետո հասկացա, որ այն մեջքից է գալիս։ Նման իրավիճակում միակ բանը, որ կարող էի անել` կրունկով հարվածելն էր։ Ես փորձեցի, և ստացվեց»,– Մխիթարյանին է մեջբերում manutd.ru–ն։
Ֆուտբոլիստը նշել է, որ վնասվածքն իրեն այլև չի անհանգստացնում, և նա ուրախ է դաշտ վերադառնալ և ուրախ է, որ կարողացավ օգնել թիմին։ «Կփորձեմ ցույց տալ իմ առավելագույն կարողությունները հաջորդ խաղում։ Շատ կարևոր է, որ թիմը լավ մարզավիճակում է, և այժմ պետք է թափը պահել»,– ասել է Մխիթարյանը։ -0-