ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Իտալական «Tuttosport» պարբերականը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են արժանանալ «Golden Boy 2017» մրցանակին:
Հավակնորդների թվում է հայտնվել նաև Գյումրիի «Շիրակի» և Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, գրում է armsport–ը։
Այս մրցանակը շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:
Փորձագետներն իրենց վերջնական ընտրությունը կկատարեն աշնանը, սակայն երկրպագուները պաշտոնական կայքում կարող են քվեարկել արդեն հիմա:
Հավելենք, որ մրցանակին մինչև 21 տարեկան 98 ֆուտբոլիստ է հավակնում:
Հավակնորդների թվում են նաև հայտնի ֆուտբոլիստների որդիներ, մասնավորապես Ջասթին Կլյուվերտը, Լյուկա Զիդանը, Յանիս Հաջին, Ֆեդերիկո Կյեզան:
Իսկ մրցանակի ֆավորիտների թվում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Գաբրիել Ջեզուսը, Ջանլուիջի Դոնարուման, Մարկուս Ռեշֆորդը, Կիլիան Մբապեն և Ուսման Դեմբելեն:
Վահան Բիչախչյանի օգտին կարելի է քվեարկել հետևյալ հղումով:–0–