ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:
Մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ չեմպիոնի կոչումը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, որը նաև երկամարտում այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց (433 կգ), հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Հայաստանցի մարզիկը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ՝ 186 կգ, անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ, սակայն այնուհետև հաջորդաբար սանձեց նաև 192 և 197 կիլոգրամները: Սիմոնը մրցակցությունից դուրս էր նաև հրում վարժությունում (236 կգ):
Բացի այդ, 90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց երկու վարժություններում էլ: Պոկումում Դալալյանը գլխավերևում պահեց 97 կգ, իսկ հրումում՝ 131 կգ:-0-