ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալում» իրավիճակը շարունակում է թեժանալ։
«Զինագործները» միմյանց են մեղադրում պարտությունների համար, իսկ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հեղինակությունը սրընթաց անկում է ապրում, գրում է անգլիական The Sun–ը։
Ակումբի ֆուտբոլիստների քննադատության թիրախում են հայտնվել «զինագործների» երեք առաջատար ֆուտբոլիստները` Մեսութ Օզիլը, Հենրիխ Մխիթարյանն ու Շկոդրան Մուսթաֆին։
Загружается новость ... "Лево"
Մեսութ Օզիլին քննադատել են «Բրայթոնից» կրած պարտությունից հետո (1:2)։ Հանդիպման ժամանակ գերմանացի ֆուտբոլիստը, թիմակիցների կարծիքով, «անհետացել է» խաղադաշտում։
Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նրան քննադատում են այն բանի համար, որ ՄՅՈւ–ից տեղափոխվելուց հետո Մխիթարյանը չի կարողանում գտնել իրեն «Արսենալում» ու կորցնում է գնդակը պարզունակ իրավիճակներում։
«Արսենալի» ֆուտբոլիստներին դուր չի գալիս նաև «զինագործների» գերմանացի պաշտպան Շկոդրան Մուսթաֆիի վարքագիծը, ով իր սխալներում միշտ մեղադրում է ուրիշ խաղացողներին։
Անգլիայի առաջնության ավարտից 9 փուլից առաջ «Արսենալը» Չեմպիոնների լիգայի գոտուց հետ է մնում 13 միավորով։ Եվրոպայի գլխավոր ակումբային առաջնությունում հայտնվելու «Արսենալի» միակ շանսը հաջորդ խաղաշրջանում Եվրոպա լիգայում հաղթելն է։
Առաջնության 1/8 եզրափակչում Վենգերի թիմը պետք է ուժերը չափի «Միլանի» հետ։–0–