ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցել Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին:
ՄՕԿ–ի գործադիր կոմիտեն երեքշաբթի որոշել է որակազրկել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեին, միաժամանակ «մաքուր» ռուս մարզիկները հնարավորություն կունենան մասնակցել 2018թ.–ի Օլիմպիադային «օլիմպիական մարզիկ» հատուկ կարգավիճակում օլիմպիական դրոշի ներքո։ Փհենչհանում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու որոշումը ռուսական կողմը պետք է հրապարակի դեկտեմբերի 12–ին կայանալիք օլիմպիական ժողովի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միակարծիք են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ բոլոր երկրների համար պարտադիր է ՄՕԿ-ի հակադոպինգային որոշումների կատարումը և հայտարարում են, որ արդար մրցակցությունը, ինչը օլիմպիական շարժման գաղափարախոսության հիմնասյուներից է, հնարավոր է իրագործել միայն արգելված նյութերի օգտագործումը բացառելու միջոցով», – նշվում է համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկու գերատեսչություններն էլ դատապարտում են դոպինգի ցանկացած տեսակի օգտագործումը, միաժամանակ գտնում են, որ ոչ բարեխիղճ մարզիկների պատճառով անարդարացի կլինի պատժել արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին, որոնց մասնակցությունը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից արգելված չէ:
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գտնում են, որ արդարացի կլինի արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին հնարավորություն տալ հանդես գալու իրենց երկրի դրոշի ներքո և հաղթանակի դեպքում, ի պատիվ այդ մարզիկների, հնչեցնել այն երկրի օրհներգը, որը նրանք ներկայացնում են», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իրենց զորակցությունն են հայտնում Ռուսաստանի Դաշնության օլիմպիական կոմիտեին:
«Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՄՕԿ-ի որոշմամբ իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեն չի կարող ապահովել ՄՕԿ-ի կողմից ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստացած մարզիկների մասնակցությունը Փհենչհանում կայանալիք օլիմպիական խաղերին, իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցել՝ այդ մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին», – նշվում է համատեղ հայտարարության մեջ։–0–