ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում (մինչև 76,2 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը 33–ամյա բրիտանացի Մարտին Մյուրեի հետ մենամարտում։
Կիրակի գիշերը Հաննովերում կայացած մենամարտը, որը բաղկացած է եղել 12 ռաունդներից, ավարտվել է Աբրահամի առավելությամբ (115:112, 112:115, 116:111)։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը) ծագումով Հայաստանից է, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Դարձել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնական գոտին «խլելով» Ռոբերտ Շտիգլիցից։ 2013 թվականի մարտի 23–ին «Արթուր արքան» չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը նույն Շտիգլիցի հետ մենամարտում։ Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջովին փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակը շնորհելով ծագումով ռուս գերմանացի մարզիկին։
Սակայն 2014 թվականի մարտին Աբրահամը վերադարձրեց չեմպիոնի գոտին` հաղթելով Շտիգլիցին ռևանշ–մենամարտում, իսկ այնուհետև պաշտպանեց այն չեռնոգորցի Նիկոլա Սիեկլոչայի և Փոլ Սմիթի հետ մենամարտերում։
Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009 թվականներին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։ -0-