ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Արոնյանի հաջողությունը կախված կլինի Հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանի առաջին երկու հանդիպումներից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց գրոսմայստեր Լևոն Արոնյանի մարզիչ, գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ–ի մարզիչ Աշոտ Նադանյանը` մեկնաբանելով Արոնյանի շանսերը Հավակնորդների մրցաշարում։
Արոնյանը մրցաշարի յոթ տուրերի և առաջին շրջանի արդյունքներով վաստակել է 2,5 միավոր և կիսում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղն ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։
«Լավ կլիներ ավելի արագ հասնեինք 50%–ի (հնարավոր վաստակած միավորներ, խմբագրություն), և այդ ժամանակ արդեն ամեն ինչ հնարավոր է։ Այդ դեպքում, իհարկե, կարելի է սկսել հաղթել, քանի որ յոթ պարտիաները քիչ չեն», – ասաց նա։
Ինչ վերաբերում է առաջին շրջանին և առաջին յոթ հանդիպումներին, ապա, Նադանյանի խոսքով, ամեն ինչ այդքան էլ հաջող չէր։
«Այնպես չէ, որ նա վատ էր խաղում, կասեի, որ հաջողությունը երես է թեքել մեզնից։ Բոլոր անհաջող հանդիպումներում, օրինակ` Ֆաբիանո Կարուանայի կամ Ալեքսանդր Գրիշչուկի հետ, հնարավոր էր հաղթել մեկ քայլով։ Ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն մի պահ և....պարտություն», – նշեց նա` հավելելով, որ խնդիրը ոչ թե մարտավարական պատրաստվածությունն է, այլ հոգեբանական։
Նադանյանը նաև ընդգծեց, որ երկու ցավագին պարտություններն առաջ կմղեն Արոնյանին։
«Ինձ թվում է, որ խաղն ավելի լավ կընթանա», – ասաց Նադանյանը։
Ինչ վերաբերում է մրցաշարում տիրող իրավիճակին, ապա մարզիչը նշեց, որ այս պահին առաջատարը Կարուանան է։
«Նա առաջատարն է, հաղթել Արոնյանին, սակայն ամեն ինչ ամեն պահ կարող է փոխվել, այնպես որ հիմա առաջատարին նշելն անշնորհակալ գործ է», – ասաց նա։
Մրցաշարի յոթ տուրերի և առաջին շրջանի արդյունքներով միանձնյա առաջատարն է Ֆաբիանո Կարուանան, ով վաստակել է 5 միավոր, նրան է հետևում Մամեդյարովը` 4,5 միավոր, այնուհետև 3,5–ական միավոր վաստակած Կրամնիկը, Գրիշչուկն ու Լիժենը։ Նախավերջին հորիզոնականում է 3 միավոր վաստակած Կարյակինը, վերջին տեղում են 2,5–ական միավոր վաստակած Արոնյանն ու Սոն։
Մարտի 19–ին կայանալիք 8–րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի Լիժենի հետ և կխաղա սև խաղաքարերով։
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է Բեռլինում: Այն կտևի մինչև մարտի 28-ը: Հաղթողն իրավունք կունենա խաղալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: -0-