ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Բակո Սահակյանն չորեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել` նվիրված Արցախում «ԿոնԻՖԱ» 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին:
Ինչպես հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը, Սահակյանը կարեւորել է նման միջոցառման անցկացումը հանրապետությունում, ընդգծել այն բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը։
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել առաջնության նախապատրաստման, կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին, շահագրգիռ մարմիններին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար, կառավարական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան` Confederation of Independent Football Associations, ConIFA, 2013 թվականի հունիսի 7–ին ստեղծված ֆուտբոլային կազմակերպություն է։ Միավորում է ֆուտբոլային ասոցիացիաներ և (չճանաչված և մասնակիորեն ճանաչված երկրների, ճանաչված երկրների ներսում ինքնավարություններ, էթնիկ հավաքականներ) երկրների հավաքականներ, որոնք պաշտոնապես չեն ընդգրկվել ՖՒՖԱ–ի կազմում և մայրցամաքային համադաշնություններ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում