ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի ոստիկանությունը ստեղծում է ստորաբաժանում, որի աշխատակիցները սովորական քաղաքացիների տեսքով հետևելու են բնակիչների վարքին Թեհրանի փողոցներում։
Ոստիկանության այս ստորաբաժանման հիմնական նպատակն է հետևել նրան, թե որքան ուշադիր են գլուխը ծածկելուն։ Իրանի մայրաքաղաքում բնակիչների վարքին հետևելու է 7000 գործակալ, հայտնում է
BBC-ն։
Գեներալ Հուսեյն Սաջեդինիայի խոսքով, «պարեկայինները դիմակայելու են կարգուկանոնի ոչ ակնհայտ խախտումներին»։ Այդ թվում, գեներալի խոսքով, ոստիկանության այս բաժինը հատուկ ուշադրություն կդարձնի այն կարգազանցներին, ում հիջաբը զուտ խորհրդանշական բնույթ է կրում։
Խախտում է համարվում նաև, երբ կինը հանել է գլխաշորն ավտոմեքենայում գտնվելիս։ Բացի այդ, պարեկայինները պետք է թույլ չտան փողոցներում կանանց հետապնդումներին և աղմկոտ հավաքներ։
Բարքերի նոր ոստիկանությունը, ինչպես հաղորդվում է, չպետք է ակնհայտ կերպով միջամտի իրավիճակին, սակայն գործակալները պետք է տեղեկություն հավաքեն և հաղորդեն օրինախախտների մասին ոստիկանության այլ ստորաբաժանումներին։
Իսլամական հեղափոխության ժամանակներից արդեն 35 տարի է, որ Իրանում կանանց արգելված է դուրս գալ տնից առանց գլխաշորի։ Հիջաբ կրելու հարցը բուռն բանավեճերի առիթ է դարձել երկրում, ընդ որում` հիջաբի կողմնակիցները նույնպես քիչ չեն և առայժմ չեն պատրաստվում զիջել դիրքերը։
Իրանացի լրագրող Մասիհ Ալինեջադը Ֆեյսբուքում խումբ է հիմնել, որտեղ ի նշան բողոքի ընդդեմ հիջաբ կրելուն կանանց առաջարկվում է հրապարակել իրենց լուսանկարներն առանց իսլամական գլխաշորերի։
Իրանացի կանանց գլուխը ծածկել պարտադրող կանոնի դեմ արշավին կողմ են արտահայտվել նաև օտարերկրացի կանայք։ My Stealthy Freedom («Իմ գաղտնի ազատությունը») առցանց շարժումը երկու տարի առաջ հիջաբ կրելու դեմ ուղղված արշավ է սկսել` խումբը կոչ է արել Իրան այցելել պատրաստվող զբոսաշրջիկ կանանց լուսանկարվել այնտեղ առանց գլխաշորի և հրապարակել դրանք ցանցում։
Այդ պահից ցանցում հայտնվել են իրանացի կանանց տասնյակ լուսանկարներ, ովքեր, մեծ ռիսկի դիմելով, լուսանկարվել են առանց հիջաբի։ -0-