ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարդացել է Քըրք Քրքորյանի
կտակը։ Այս մասին Օսկանյանը գրել է Facebook-ի իր էջում։
«Ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն»,– նշվում է Օսկանյանի գրառման մեջ։
Օսկանյանի հաղորդմամբ, այս եռյակի որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով ու Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից ելնելով։
ՀՀ նախկին արտգործնախարարը կոչ է արել նաև հնարավորինս արագ հայ ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող անհատներից բաղկացած հինգ-յոթ հոգանոց հանձնաժողով, որը, խորհրդակցություններ անցկացնելով այդ թվում՝ Հայաստանի կառավարության հետ, առաջարկների փաթեթ կներկայացնի կտակը տնօրինող եռյակին։
Ըստ Օսկանյանի, հանձնաժողովի խնդիրը պետք է լինի հիմնավորել կտակի գումարների ստվար մասի ուղղումը հայկական նպատակներին։ -0-