ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նոյեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում։
Ինչպես հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը, թունավորվել է 8 երեխա, նրանցից 5-ը հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, 3-ը բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում:
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» կողմից իրականացվել են հակամահաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է թունավորման պատճառը։ Կատարվել է նաև ախտահանում։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդների, կոնտակտավոր երեխաների և մանկապարտեզի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է շիգելլա (մանրէային դիզենտերիայի հարուցիչ) և ռոտավիրուս:
«Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքներով Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզի սաների շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման հավանական պատճառը մանկապարտեզում սննդամթերքի երկրորդային ախտոտումն է, որի համար աղբյուր են հանդիսացել մանկապարտեզի այն աշխատակիցները, ում մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է շիգելլոզ և ռոտավիրուսային վարակ»,– ասվում է հաղորդման մեջ։
Մանկապարտեզից վերցված սննդամթերքի լաբորատոր հետազոտության արդյունքում պանրի և մակարոնով փլավի նմուշներում հայտնաբերվել է ռոտավիրուս:
Загружается новость ... "Лево"
Պետք է նշել, որ հիվանդներից 4-ը հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում:
Հիվանդների վիճակը գնահատվել է միջին և թեթև, ծանր ընթացքով դեպքեր չեն արձանագրվել:
Հաղորդագրության համաձայն, ներկայում ստացիոնար բուժում է ստանում 2, ամբուլատոր՝ 3 հիվանդ։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Բռնկման տեղայնացման և վերացման նպատակով իրավասու մարմիններին առաջարկվել է ժամանակավորապես փակել Ճոճկանի մանկապարտեզը՝ մինչև վարակի աղբյուրի չեզոքացումը և փոխանցման մեխանիզմների ընդհատումը:
Միաժամանակ գյուղում իրականացվել է աղիքային վարակների վերաբերյալ գիտելիքների տարածում: -0-