ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լոս Անջելեսում մահացել է Hilton հյուրանոցների ցանցի սեփականատեր Բերոն Հիլթոնը: Այս մասին ասվում է նրա հոր` Քոնրադ Հիլթոնի ստեղծած Conrad N. Hilton Foundation-ի հաղորդագրությունում, հայտնում է
Վեդոմոստի-ն: Քոնրադ Հիլթոնը նաև Hilton հյուրանոցների հիմնադիրն է: Հաղորդվում է, որ Բերոն Հիլթոնը մահացել է բնական պատճառներով` նա 91 տարեկան էր:
Հիլթոնը սիրող ամուսին էր, հիանալի օրինակ իր ութ երեխաների համար, հավատարիմ ընկեր, հեռատես գործարար, հարգելի մարդ և մարզիկ, ասվում է նրա որդու` Սթիվեն Հիլթոնի հայտարարությունում:
Բերոնի թոռնուհի Փերիս Հիլթոնն իր Twitter-ում գրել է, որ խորապես վշտացած է պապի մահվամբ: «Նա լեգենդ էր, փայլուն, գեղեցիկ, բարի և ապրում էր ձեռքբերումներով և արկածներով լի կյանքով», – նշել է նա:
2007 թվականին Reuters-ը գրել էր, որ Բերոն Հիլթոնն իր կարողության 97 տոկոսը մտադիր է կտակել բարեգործությանը: Այդպիսով, Conrad N. Hilton Foundation-ի բյուջեն կարող է կրկնապատկվել: Վերջին անգամ Հիլթոնն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում է հայտնվել Forbes-ի վարկածով 2011 թվականին` զբաղեցնելով վարկանիշի 459-րդ տեղը $2,5 մլրդ-ով: -0-