ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագի) ներքին պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել միասեռական ամուսնությունների օրինագծին:
Փաստաթուղթին կողմ է հանդես եկել Քրիստոնեա-դեմոկրատական միությունը և Քրիստոնեա-սոցիալիստական միությունը (ՔԴՄ/ՔՍՄ), որոնք նախկինում դեմ էին միասեռականների լիարժեք և իրավահավասար ամուսնությանը, այս մասին հաղորդում է meduza.io-ն:
Սակայն իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 26-ին հայտարարեց, որ իր ՔԴՄ/ՔՍՄ դաշինքների պատգամավորները պետք է օրինագծին քվեարկեն «խղճի մտոք», ոչ թե առաջնորդվեն համընդհանուր դիրքորոշմամբ:
Ընդ որում` Մերկելը այդ օրինագծին դեմ է քվեարկել:
Միասեռական ամուսնությունների վերաբերյալ օրինագիծը նախատեսվում է ներկայացնել Գերմանիայի խորհրդարանի վերին պալատի` Բունդեսրատի հավանությանը:
2001 թ-ից Գերմանիայում միասեռականներին թույլատրվում է ամուսնանալ: Սակայն, նման միություններում գտնվողների իրավունքները մասամբ սահմանափակ են, ի տարբերություն մյուսների, նրանք չեն կարող երեխա որդեգրել: 2001 թ-ից մինչ օրս գրանցվել է միայն 34 հազար միասեռական ամուսնություն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում