ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին փոխհրաձգություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի Վեսթ Ադամս շրջանի ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել, հաղորդում է
Los Angeles Times-ը:
Պարբերականի հաղորդմամբ, միջադեպի ժամանակ Ռիմպաու Բուլվար 2900 հասցեում գտնվող ռեստորանում այդ պահին եղել է շուրջ 50 մարդ:
Երեք տղամարդ դուրս են եկել ռեստորանից, ապա վերադարձել հրացաններով և կրակ բացել ռեստորանի մարդկանց մեկ այլ խմբի վրա: Այլ մարդիկ ևս կրակ են բացել, ինչի հետևանքով ռեստորանի որոշ այցելուներ հայտնվել են խաչաձև կրակոցների մեջ:
Ինչպես հայտնում է պարբերականը, կրակոցները շարունակվել են նաև փողոցում, որի վրա գտնվում է ռեստորանը: Վերջնս ռեստորանի ձևափոխված տուն է:
Արդյունքում, մահացել է 3 մարդ, 12-ը ստացել են հրազենային վիրավորումներ:
Քաղաքի ոստիկանի խոսքով, երկու մարդ բերման է ենթարկվել՝ մի տղամարդ և մեկ կին, սակայն որոնվում են նաև այլ կասկածյալներ:
Ոստիկանի խոսքով վիրավորներից մի քանիսին մոտակա հիվանդանոցներ է տեղափոխել շտապօգնության մեքենան, մինչդեռ մյուսները հասել են ինքնուրույն:
Միջադեպի շարժառիթները առայժմ պարզ չեն: -0-