ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում ացկացվող աճուրդում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։
Ինչպես հայտնում է «Հայաստան» հիմնադրամի մամուլի ծառայությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կազմակերպած հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են հանգանակությանը։ Երեկոյի ընթացքում կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կարողացան հավաքել։
Խոսքով հանդես եկավ նաև Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը, ով կարևորեց Հիմնադրամի դերն անկախ Հայաստանի և Արցախի զարգացման գործում։
Загружается новость ... "Лево"
Տորոտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց իրականացված վերջին 12 ծրագրերը, նշելով, որ այս 25 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 72 ծրագիր է կյանքի կոչվել տորոնտահայերի հանգանակություններով։
Ներկայացվել են նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, «Ջուրը կյանք է», որի իրականացումը նախանշվում է 2018 թվականին։ Այն միտված է ապահովել գյուղական համայնքները ոռոգման ջրով։
Նոյեմբերի 23–ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ միջոցառումներ՝ գումար հավաքագրելու համար։
Կանադահայերի հավաքագրած 530 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է նոյեմբերի 23-ին կայանալիք «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի ընթացքում։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։ –0–