ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է, ասել է նրա փաստաբան Դավիթ Խեչյանը։
Մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվայի Զամոսկվորեչիեի դատարանը Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում` 700 հազար դոլարի խարդախության գործով մեղավոր ճանաչելով։
«Հայտնի է, որ Լևոն Գուրգենովիչն արդեն վաղուց` տասնյակ տարիներ, տառապում է ծանր հիվանդություններով, այդ թվում` սրտանոթային, հիպերտոնիայով, ուռուցքային և ուրոլոգիական, նյարդաբանական հիվանդություններով։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է։ Եվ, չնայած դրան, չնայած դատավճռում այս հանգամանքների թվարկմանը, դատարանը նրա նկատմամբ խիստ դատավճիռ կայացրեց իրական ազատազրկմամբ, և ներկայում նա N2 քննչական մեկուսարանում է»,– ասել է Խեչյանը։
Փաստաբանի խոսքով, չնայած նրան, որ Հայրապետայանը տեղափոխվել է այս մեկուսարանին կից բժշկական բաժանմունք, այդ մեկուսարանում բուժման գոնե նվազագույն կուրս անցնելու համար որևէ համապատասխան պայման չկա։
«Ոչ դեղորայք, ոչ համապատասպան մասնագետներ, բժիշկներ այդ բուժհաստատությունում չկան` եթե դա առհասարակ կարելի է բուժհաստատություն անվանել։ Բնականաբար, այդ պատճառով Լևոն Հայրապետյանի վիճակն օրեցօր վատանում է»,– ասել է նա։
Խեչյանն ավելացրել է, որ Հայրապետյանին կալանքի տակ վերցնելու օրից մինչև այսօր` այսինքն, գրեթե մեկ շաբաթվա ընթացքում, նա ընդհանրապես զրկված է եղել բժիշկների ցուցումով նշանակված բազմաթիվ դեղամիջոցները։
«Լևոն Հայրապետյանին N1 քննչական մեկուսարան տեղափոխելու բոլոր փորձերը, որտեղ դեղորայքով ու մասնագետներով հիվանդանոց կա, ցավոք, ոչնչի չեն հանգեցրել և հաջողություն չունեղան։ Բայց այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, և մենք լիահույս ենք, որ գոնե առաջիկա շաբաթվա ընթացքում նա կտեղափոխվի Մատրոսկայա տիշինային կից հիվանդանոց»,– ասել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունով բաց նամակ էր եկել, որի տակ ստորագրել է արդեն 100 հազար մարդ։«Այդ շատ ծանր հիվանդ մարդը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առջև։ Լինելով ակտիվ քաղաքացի` նա ամեն կերպ օժանդակում էր զարգացման տարբեր ծրագրերի։ Մեծ է Հայրապետյանի ավանդը հայ–ռուսական բազմակողմ հարաբերությունների զարգացման գործում, նա հարյուրավոր բարեգործական և սոցիալական նախագծերի նախաձեռնող է»,– ասվում է ուղերձում։
Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով նամակին է միացել նաև ֆրանսահայ հայտնի շանսոնիե Շառլ Ազնավուրը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում