ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գլխով գնդակին նույնիսկ մի քանի հարված հասցնելը հանգեցնում է ուղեղի գործունեության խանգարման և վատացնում է հիշողությունը, պնդում են բրիտանացի գիտանականները։
Ինչպես հայտնում է
BBC–ն, Շոտլանդիայի Ստերլինգի համալսարանի գիտնականները պարզել են, որ գնդակին 20 շարունակական հարվածներից հետո ֆուտբոլիստի «ուղեղի աշխատանքի ոչ մեծ, բայց կարևոր փոփոխություններ» են կատարվում։
Այն է` հիշողությունը նվազում է 41–ից մինչև 67 տոկոս, իսկ այնուհետև մեկ օրվա ընթացքում վերականգնվում է մինչև նախկին մակարդակը։
EbioMedicine ամսագրում հրապարակած հետազոտությունն առաջին անգամ ուղեղի աշխատանքի վրա գլխով գնդակի հարվածներ հասցնելու ուղիղ ազդեցություն է հաստատում ի տարբերություն գանգուղեղի ծանր վնասվածքների, ինչպիսին, օրինակ, ուղեղի ցնցումն է։
Գիտաշխատության հեղինակներից մեկը, կոգնիտիվ նյարդակենսաբան Մագդալենա Լեթսվաարթն ընդգծում է, որ ուղեղի վրա առկա ազդեցությունը թեև ժամանակավոր է, բայց, այնուամենայնիվ, բավականին շոշափելի։
«Հաշվի առնելով, թե ողջ աշխարհում ինչքան մարդ է խաղում ֆուտբոլ, շատ կարևոր է, որ նրանք իմանան, թե ինչպես է այդ մարզաձևն ազդում նրանց ուղեղի վրա և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ»,– կարծում է բժիշկ Լեթսվաարթը։
2015 թվականից Միացյալ Նահանգների ֆուտբոլային խմբակներում արգելված է մինչև 10 տարեկան երեխաներին գլխով խաղալ այդ խաղը։ -0-