ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են` ասելով, թե կինը քաշ է կորցրել վիրահատությունից հետո, գրում է
BBC–ի ռուսական ծառայությունը։
500 կիլոգրամ քաշ ունեցող Էման Աբդ էլ–Աթին երկու ամիս առաջ Մումբաիի Սաֆսիի հիվանդանոցում վիրահատություն է տարել։ Նախորդ շաբաթ բժիշկները հայտնել են, որ կինն ազատվել է գրեթե մեկ երրորդ քաշից` 328 կիլոդրամից։
Սակայն Շայմա Սելիմը պնդում է, որ դա սուտ է և իր քույրը վատ վիճակում է ու, ամենայն հավանականությամբ, ինսուլտ է տարել։ Բժիշկները հերքում են այդ մեղադրանքները։ Սկանդալը ծավալվել է երկուշաբթի, երբ Սելիմը սոցցանցում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ իր քույրն առաջվա պես չի կարողանում ոչ խոսել, ոչ շարժվել, և չի նիհարել այնքան, որքան ասում են բժիշկները։
«Նա (վիրահատությունը ղեկավաչած Մուզաֆալա Լակդավալան) չի կշռել նրան վիրահատությունից ոչ առաջ, ոչ էլ հետո։ Եթե քաշի կորստի ապացույցներ ունի, թող մեզ ցույց տա կշռելու փաստերը»,– ասել է հիվանդի քույրը։
Հիվանդանոցի ներկայացուցիչն ասել է BBC–ին, որ Էման Աբդ էլ–Աթին երկրորդ անգամ կշռվել է երկուշաբթի և այժմ կշռում է 172 կգ։
Կինն ի ծնե տառապում է «փղախտով»։ Այդ հիվանդության ժամանակ շատ են մեծանում վերջույթները մաշկի և ենթամաշկային բջջաթաղանթի լայնացման հետևանքով։
Կլինիկայի ղեկավարությունը բուժումը համարում է գրեթե ավարտված և պատրաստ է դուրս գրել կնոջը, որ նա շարունակի վերականգնել առողջությունը տանը։ Հաջորդ վեց ամիսների ընթացքում Էմանը ճարպակալության դեմ հատուկ դեղորայք կընդունի։ -0-