ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հունահռոմեական ոճի հանրաճանաչ ըմբիշ, Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը Instagram-ում հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ակցիային մասնակցել է նաև Միհրանը։
«Ես շատ-շատ հպարտ եմ, որ այստեղ եմ, ինձ համար դա մեծագույն պատիվ է: Մեզ համար, ցավոք, այսօր շատ ողբերգական, ծանր օր է: Բայց մենք միշտ դա հաղթահարում ենք: Հայերն անպարտելի են, երբ համախմբված են: Մենք կարող ենք փոխել մեր նպատակները, սակայն իրավունք չունենք փոխել մեր արժեքները: Դա մեր պատմությունն է, մեր կրոնը», - ասել է Հարությունյանը ակցիայի ժամանակ:
Մարզիկը շնորհակալություն է հայտնել իր հայրենակիցներին, որ կարողացել են հավաքվել «մեկ բռնցքի պես» և հավաստիացրել է, որ այդ ամենը կատարվում է Հայաստանի պատվին:
Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-