ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է իրանական «Քիշ էյր» ավիաընկերության տնօրեն, հրամանատար Ջադիդիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Պարսից ծոցում գտնվող Քիշ կղզուց դեպի Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթեր իրականացնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչներն ավիաընկերության ներկայացուցիչներին առաջարկել են քննարկել նաև դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը:
Նշվում է, որ 2017 թվականի հունիսի 22-ից «Քիշ էյր» ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ոչ կանոնավոր չվերթեր է իրականացնում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով:
Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի:
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։ Ողջ կղզին նաև ազատ առևտրի գոտի է։–0–