Hy ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
Mirror–ի հաղորդմամբ, լուսինը կհայտնվի արեգակի առաջ` ստեղծելով արեգակնային խավարում, որը տեսանելի կլինի հարավային կիսագնդում։
Արեգակնային խավարումը տեղի կունենա փետրվարի 26–ին։ Խավարման արդյունքում կերևա արևը շրջապատող լուսային շրջանակ։
Ցավոք, Հայաստանի բնակիչները չեն կարող տեսնել այդ եզակի երևույթը։ Այն տեսանելի կլինի Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի որոշ մասերում։
Արեգակնային խավարումը կսկսվի Չիլիում, կանցնի Արգենտինայի տարածքով և կհասնի Անգոլա։ Այն կավարտվի Զամբիայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում։
Սա 2017 թ.–ին տեղի ունեցող երկու արեգակնային խավարումներից առաջինն է։ Երկրորդը տեղի կունենա ԱՄՆ–ում օգոստոսի 21–ին։–0–