ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
ԱՄՆ–ի Օլբանիի համալսարանի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ մանկուց հստակ ռեժիմի սովորած երեխաները մեծ տարիքում ավելի հազվադեպ են բախվում ժամանակի անբավարարության և ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրների հետ, հաղորդում է
vokrugsveta.ru–ն։
Հարցմանը մասնակցել է ավագ կուրսերի 292 ուսանող, ովքեր պետք է հիշեին և գնահատեին ամենօրյա գործողությունների կանխատեսելիությունը մանկության և պատանեկության տարիներին: Գնահատվում էր սննդի ռեժիմը, քնին և քնելուն նախապատրաստվելու ժամը, ժամանցն ընտանիքի և ընկերների շրջապատում, մասնակցությունը արտադասարանական միջոցառումներին։
«Մեր հետազոտությունը նախնական բնույթ է կրում: Բայց արդեն իսկ հասկանալի է, որ ամենօրյա գործողությունների կանոնավորությունն օգնում է զարգացնել ժամանակի կառավարման հմտություններ և նվազեցնել ապագայում խնդիրներ ունենալու հավանականությունը», - ասել է Ջենիֆեր Վեյլ Մալատրասը` Օլբանիի համալսարանից։
Նա նշում է, որ ուշադրության կենտրոնացման և ժամանակի պլանավորման հետ կապված խնդիրները կարող են ազդել հետագա ակադեմիական առաջադիմության և աշխատանքի տեղավորման վրա:
Գիտնականների այս խմբի ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ ծնողների ամուսնալուծության կամ նրանցից մեկի մահվան դեպքում ամենօրյա ռեժիմն ու գործողություններն օգնում են երեխաներին հաղթահարել սթրեսը: Հստակ օրակարգը, քնին նախապատրաստվելու և սննդի համար հատկացված հստակ ժամանակը երեխաներին տալիս են կայունության և անվտանգության զգացում: Այս ամենը նաև դրական է ազդում այլ քաղաք տեղափոխվելու կամ ընտանիքում ևս մեկ երեխայի ծնվելու դեպքում:–0–